Արա Գևորգյանը` Թուրքիայից ուղարկված գաղտնի գործակալի և «ընտրությամբ հայ» ամերիկացի կոմպոզիտորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Արա Գեւորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք ստեղծագործական ծրագրեր է իրականացրել, սակայն նրա պլանների մի մասը կյանքի կոչելու համար հարկավոր է պետական աջակցություն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր առաջիկա ծրագրերին, պատմել Հայոց ցեղասպանության թեման օտարներին հասու դարձնելու ճանապարհին գրանցված ուշագրավ դեպքերի մասին:

-Պարո՛ն Գեւորգյան, այժմ, երբ Հայոց ցեղասպանության թեման աշխարհին հասու դարձնելու գործում ամեն հայի մասնակցությունն անհրաժեշտություն է, որքանո՞վ եք կարեւորում հատկապես արվեստագետի դերը:

-Այս գործում արվեստագետի դերը օդ ու ջրի պես կարեւոր է: Պետք է հաշվի առնել, որ արվեստն ունակ է ընդգրկել հանրության լայն շրջանակների. այն հզոր ուժ ունի: Մի դեպք պատմեմ, որն ասածից վառ վկայությունն է: Տարիներ առաջ, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տարբեր ազգերի ներկայացուցիչների կատարմամբ հնչել էր իմ «Ադանա» երգը, մի անծանոթ մարդ ներկայացել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ ներողություն խնդրել: Պարզվել էր` նա, ֆիներենով լսելով երգը, խորապես հուզվել էր: Ինքը լինելով ֆինլանդացի՝ զգացել էր, որ ողջ Ֆինլանդիան Հայաստանի կողքին է, եւ խոստովանել էր, որ ինքը Թուրքիայից ուղարկված գաղտնի գործակալ է ու նշել, որ շատ է զղջում դրա համար:

-Արդեն հայտնի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործությամբ եք ներկայանալու աշխարհին: Ձեր գրած երաժշտության հիման վրա ստեղծվեց երգ` երկու լեզվով: Ստեղծագործությունը պետք է ունենար նաեւ տեսահոլովակ: Աշխատանքներն այժմ ի՞նչ փուլում են:

-Ես նոր նախագիծը կոչեցի «Սև ապրիլ»: Երաժշտության հիման վրա գրվեց երգ, որի անգլերեն տարբերակի հեղինակը Դանիել Դեքերն է, այն կոչվում է «Remember», իսկ հայերենինը, որի անվանումն է «Կանք ու կլինենք»` Լեւոն Բլբուլյանը: Տեսահոլովակի նկարահանման առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդը կիրականացվի եղանակի տաքանալուն պես:

-Գիտենք, որ երգի անգլերեն տեքստի հեղինակ, ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, թեեւ հայկական արմատներ չունի, շատ նվիրված է մեր ազգին, տարված մեր ժողովրդի պատմությամբ: Կպատմեք` ինչպե՞ս ստացվեց, որ նա սկսեց այդպես հետաքրքրվել մեզանով:

-Ասեմ ավելին` նա մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն հայտնեց: Այդ լուրն ինձ շատ ուրախացրեց, եւ ես միանգամից հայտնեցի մշակույթի նախարարին, հիմա սպասում ենք արձագանքի: Ապրիլի 24-ը շատ լավ առիթ կլինի նրան հենց Ծիծեռնակաբերդում հայկական անձնագիր հանձնելու համար: Նա իսկապես արժանի է Հայաստանի քաղաքացիություն ստանալուն: Կարող եմ փաստել, որ Դեքերը «Ադանա» երգի տեքստը գրելուց մոտ մեկ տարի առաջ ծանոթացավ հայոց պատմությանը, հայոց ցեղասպանության պատմությանը: Երգը հետագայում կատարվեց աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ՝ մեծ նվաճում եմ համարում այն, որ նա երգը կատարեց Նյու Յորքի Times Square հրապարակում, ամերիկյան սենատորների առջեւ: Բացի այդ՝ Դեքերը թողարկել է հայկական երգեր ընդգրկող ձայնասկավառակ, որի շապիկին գրել է. «Ես հայ եմ ընտրությամբ»: Այսպես ակնառու կերպով հայերի կողքին կանգնելով` նա բազմիցս վտանգել է իր անձը: Ես գիտեմ, որ Դեքերը պարբերաբար ահաբեկչական բնույթի նամակներ է ստանում թուրքերից: Իսկ մի անգամ էլ հենց իմ ներկայությամբ Սիրիայում հյուրանոցներից մեկի ադմինիստրատորը, ով ազգությամբ թուրք էր, մեր համերգից հետո հարձակվեց նրա վրա:

-Պարո՛ն Գեւորգյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ «Ադանա» ձայնասկավառակի թողարկումը, որը նպատակ ունեք ներկայացնել 15 լեզուներով, պետական ծրագրում չներառվեց:

-Երեւի թե իմ մեղքն է, որ հատուկ, գրավոր կերպով չդիմեցի համապատասխան մարմիններին: Պարզապես վստահ էի, որ մամուլով այդ մասին բազմիցս բարձրաձայնելուց հետո կստանամ արձագանքներ: Հիմա ես առաջարկում եմ իրականացնել մի նախագիծ, որի շրջանակում 15 ազգի օտար երգիչների շուրթերով աշխարհի տարբեր երկրներում կհնչի երգ` մեր ազգային ցավի մասին: Նաեւ շատ կցանկանամ, որ ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կայանա իմ համերգը, որի համար հատուկ ծրագիր ունեմ կազմած:

Աննա Բաբաջանյան




Լրահոս