Քննարկվեցին ճառագայթային ախտորոշման անվտանգության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում առաջատար ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ ծառայություններին վերաբերող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նշանակման հիմնավորվածության ապահովման ուղեցույցի» նախագիծը, որը սահմանվում է վերոնշյալ հետազոտությունների կազմակերպման հիմնական սկզբունքները:

Ուղեցույցում հանգամանալից ներկայացված է ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների տեսակները, ցուցումներն ու հակացուցումները: Անդրադարձ է կատարված մասնագիտական այլ արդիական հարցերի:

Ռենտգենաբան-ռադիոլոգները ներկայացրին ճառագայթային անվտանգության հարցերի շուրջ միջազգային փորձը, օրենսդրական դաշտը, ժամանակակից սարքավորումների հնարավորությունները, գիտական ուսումնասիրություններն ու անվտանգության խնդիրները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ոլորտն առաջընթաց է ապրում և ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններն առավել հաճախ են կիրառվում:

«Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների ժամանակ կարևոր է ոչ միայն հիվանդի, այլ բուժանձնակազմի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Առաջիկա օրերին նախարարի հրամանով կնշանակվեն ուլտրաձայնային ախտորոշման, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրման, ինչպես նաև ռադիոիզոտոպային հետազոտության ոլորտի գլխավոր մասնագետներ:

Կստեղծվեն նաև աշխատանքային խմբեր, որոնք համագործակելով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ կներկայացնեն ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման մեթոդների մասին առաջարկներ, կկատարեն իրավիճակային վերլուծություն, ինչպես նաև կհամալրեն նորմատիվային փաստաթղթերի բազան:




Լրահոս