Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության եւ շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի եւ տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաեւ մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ դատապարտել եւ խորը անհանգստություն են արտահայտել հունգարա‑ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաեւ Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջեւ: Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:
Նախագահ Սլեյմանը խնդրել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: