Ինչ կապ կա Սերժ Սարգսյանի հայտարարության և դիվերսիայի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանին` ՌԴ-ի կողմից զենք վաճառելու փաստի մասին։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ էլ Սերժ Սարգսյանն Արգենտինայում է հայտարարել, որ իրենց մտահոգում է այդ փաստը։

Լրագրողների այն հարցին, թե  արդյոք կապ կա մարտի 19-ին շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի և  Սերժ Սարգսյանի քննադատական ելույթի միջեւ, Շարմազանովը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման լկտի գործողություններ է կատարում սահմանին։ Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք՝ Հայոց Ցեղասպանությանն ընդառաջ Ադրբեջանը կսրի իրավիճակը սահմանին՝ այս կերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից։ Կապ չեմ տեսնում նախագահի ելույթի և վերջին սահմանային միջադեպի միջեւ։ Պարոն նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու մասին։ Պարոն նախագահի կարծիքը եղել է ուղիղ եւ շիտակ։ Պետք չէ դավադրությունների տեսությանը հավատալ», – նշեց նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը ընդգծել էր, թե իրենց մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ սահմանին կանգնած զինվորն էլ գիտակցում է, որ իրեն ցանկանում են սպանել ռուսական զենքով:




Լրահոս