Պուտինը պարզաբանե՞ց` ինչու են ԵՏՄ անդամ երկրների հանդիպմանը «մոռացել» Սերժ Սարգսյանի հրավերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների՝ Աստանայում նախատեսված հանդիպումը երեկ, ի վերջո, տեղի է ունեցել: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանն այս հանդիպմանը չի հրավիրվել: Հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր մարտի 13-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այն մեկ շաբաթով հետաձգվել էր: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը ուշագրավ հայտարարություն է արել:

«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք, որ ժամանակն է խոսել արժութային միության ձեւավորման հնարավորության մասին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ արժութային միության ստեղծումը մեկ ընդհանուր արժույթի անցնելու ճանապարհին կլինի առաջին քայլը: Եւ հենց այս հայտարարությունը պարզաբանում է նաեւ հարցը, թե Սերժ Սարգսյանին այս հանդիպմանը ինչու չեն հրավիրել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի արժույթը` դրամը, սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ուստի ԵՏՄ շրջանակներում ընդհանուր մեկ արժույթի անցնելու տարբերակին Հայաստանը, գոնե առայժմ, չի կարող միանալ (Սահմանադրության փոփոխություններում առնվազն նման դրույթ էլ պետք է ներառվի): Բայց հանրության կողմից վերաբերմունքը միանշանակ կլինի բացասական: Բայց արդյո՞ք իրականում Ս. Սարգսյանի հրավերը «մոռանալու» պատճառը հենց այդ էր:

Հ. Գ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց եռյակով կրկին կհանդիպեն, այս անգամ արդեն Մոսկվայում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս