Օմբուդսմենը սեղմ ժամկետներում կպատասխանի նաիրիտցիների դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին Նաիրիտ գործարանի աշխատակիցները Կառավարության դիմաց մի քանի ժամ անիմաստ սպասելուց հետո շարժվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` ակնկալելով հանդիպում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ: Սակայն, նաիրիտցիներին ընդունել էր ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը: Գործարանի աշխատակիցները Արմեն Գրիգորյանին ներկայացրել են իրենց խնդիրը և խնդրել, որ ՄԻՊ-ը միջնորդ լինի, որ իրենց աշխատավարձերը վճարեն և նշեն աշխատավարձերի հստակ ժամանակացույց, թե երբ են տալու իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիները ՄԻՊ-ի տեղակալին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել իրավունքների ոտնահարում, քանի որ իրենց աշխատանքից ազատել են` առանց վերջնահաշվարկ անելու:

Armlur.am-ի հետ զրույցում օմբուդսմենի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ երեկ` մարտի 19-ին, աշխատանքային օրվա վերջում նաիրիտցիներից ստացել են դիմում և հրատապ կարգով մուտք են արել: «Այս պահին կարող եմ ասել, որ մասնագետներն ուսումնասիրում են դիմումը և անպայման կարձագանքենք ու դիմումատուներին պատշաճ կերպով կպատասխանենք»,- ասաց Շուշան Դանիելյանը և դժվարացավ մոտավոր օր նշել, թե երբ կպատասխանեն դիմումին: Սակայն, օմբուդսմենի խոսնակը հավաստիացրեց, որ սեղմ ժամկետներում կարձագանքեն:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է և´ նախագահական նստավայրի, և´ Կառավարության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ բողոքի ակցիաների և ցույցերի միջոցով պահանջում են իրենց 2 տարվա չվճարված աշխատավարձերը: Վերջերս էլ գործարանից ազատվեց 1700 աշխատակից` առանց վերջնահաշվարկի և աշխատավարձի:




Լրահոս