500 մլն դոլար նոր պարտատոմսերի թողարկումը Հայաստանի պետական պարտքի ծավալը հասցրեց 4,9 մլրդ դոլարի, ինչը ՀՆԱ-ի 52%-ն է: Նման ցուցանիշ երբևէ չի արձանագրվել: Իսկ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է առավելագույնը 60%, ինչից հետո հնարավոր չէ նոր պարտք վերցնել:
Թեմայի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի հետ:
-Տիկին Թադևոսյան, ի՞նչ հետևանքներ կունենա վերը նշված հանգամանքը Հայաստանի` առանց այդ էլ քայքայված տնտեսության վրա:
-Եթե տնտեսությունն աշխատող օրգանիզմ է, եթե կա արտահանման ծավալներ, եթե գործազրկության մակարդակը ցածր է, եթե չկա արտագաղթ, եթե տնտեսությունը գտնվում է նորմալ վիճակում, ապա արտաքին պարտքի հիմնախնդիրը լուծելի է: Արտաքին պարտքի հիմնախնդիր բոլոր երկրներն էլ ունեն: Խնդիրը դրա մեջ չէ, թե արտաքին պարքտն ինչքանով է մեծ կամ փոքր: Հարցը նրանում է, թե որքանով տնտեսությունը կարող է սպասարկել արտաքին պարտքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ տնտեսությունն աշխատի, լինի զբաղվածություն, կարողանա արտահանել ապրանքներ, որպեսզի երկիր արժութային հոսքեր լինեն և դրանով հնարավոր լինի ունենալ վճարային դրական հաշվեկշիռ: Այս խնդիրը չի լուծվում, այլ միայն պարտքն է մեծանում, ինչն անհանգստություն է պատճառում բոլորին:
-Հայաստանի տնտեսությունը Ձեր թվարկած ոչ մի գործառույթները չի կարողանում իրականացնել, հետևաբար արտաքին պարքտը սպասարկելու ռեսուրսներ չունի:
-Այո, չի զարգանում տնտեսությունը: Նաև ասեմ` Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի կանխատեսումներով այս տարի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի համար, կանխատեսել են զրոյական աճ: Այսինքն` եթե չունենանք աճ, ապա պարտքի սպասարկումն էլ շատ ավելի կդժվարանա: Եթե երկրից կա զանգվածային արտագաղթ, հիմնական լուրջ ռեսուրսը գնում է Հայաստանից, իսկ դա իշխանություններին չի անհանգստացնում, դիտարկում են որպես մարդկանց տեղաշարժ, այդ իսկ պատճառով ունենք նման արդյունք: Դա աշխատուժի տեղաշարժ է, դա պետք է անհանգստացնի և լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն: Հակառակ դեպքում` կունենանք անկում ապրող, անընդհատ պարտքի հիմնախնդիր ունեցող երկիր:
-Իշխանությունները, կարծես, այնքան էլ պատրաստակամ չեն այդ հարցերը լուծել:
-Ինչպես տեսնում եք` ոչ, պատաստակամ չեն, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, հակառակը` անընդհատ ստեղծվում է հարկային այնպիսի քաղաքականություն, որը ծանր բեռ է մանր ու միջին ձեռնարկությունների համար, որոնք փակվում են և արտագաղթում: Իհարկե, ոչինչ չի արվում: Չի արվում, որովհետև այս իշխանությունները վստահություն չունեն ժողովրդի մոտ, նրանց ձեռնարկած ոչ մի միջոցառում հավատ չի ներշնչում, որ դա ուղղված է ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Դրա համար, եթե հավատը չկա, ժողովուրդը արտագաղթում է, այլ տեղեր են փնտրում ապրուստի միջոցներ:
-Ո՞րն է ելքն, ըստ Ձեզ: Պարտքեր կուտակելով` մինչև ու՞ր:
-Կան տարբեր կառույցներ, որոնց երկրները դիմում են պարտքը չեղյալ համարելու համար: Բայց դա էլ շատ բարդ գործընթաց է և դրան հասնելը շատ ավելի դժվար է, քան թվում է առաջին հաացքից: Երկիրը ճանաչվում է սնանկ, ինչը շատ վատ է հետագայում տարբեր երկրների հետ հարաբերությունների հետ կապված: Երկիրը կորցնում է իր հեղինակությունը: Բայց, համենայն դեպս, մենք դեռ դրան չենք հասել և հուսամ, որ առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք ինչ-որ բան փոխել մեր երկրում, որպեսզի ժողովուրդը ստանձնի այն կարևոր դերակատարությունը, որը չի կարողանում իրականացնել իշխանությունը:
-Լուծումն իշխանափոխությա՞ն մեջ է:
-Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր տնտեսակարգ ունի ներդաշնակ զարգացման հետևյալ հնարավորությունը: Քաղաքականությունը և տնտեսությունը միմյանց պետք է համապատասխանեն, պետք է ներդաշնակ լինեն: Եթե մենք ունենք հայտարարված, ամրագրված շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ, զարգանում ենք կապիտալիզմի ուղիով, ապա մեր քաղաքական համակարգը պետք է լինի ժողովրդավարական: Եթե քաղաքական համակարգը բռնատիրական է, իսկ հայտարարված է, որ շուկայական տնտեսության հիմքի վրա երկիրը պետք է զարգանա, ապա այսպիսի հակասությունը չի կարող բերել տնտեսական նորմալ, ներդաշնակ զարգացման: Պետք է լինի փոփոխություն: Կամ էլ պետք է տնտեսությունը շուկայական չլինի, ինչպես արդեն մեզ մոտ է հիմա գրանցվում`տնտեսությունը գտնվում է մեկ կամ մի քանի ընտանիքների ձեռքում: Սա լուծելու միակ ճանապարհը ժողովրդավարական պետություն ստեղծելն է: Իսկ ժողովրդավարական պետություն ստեղծելու համար պետք են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Ցանկանանք, թե ոչ` մեզ պատմությունը կմղի դեպի նրան, որ մենք պետքէ հարկադրված կատարենք ժողովրդավարական ընտրություններ: Հակառակ դեպքում, մենք կունենանք այս անլուծելի իրավիճակը: Այո, սա անլուծելի իրավիճակ է, մենք չունենք զարգացման հնարավորություն, քանի որ խախտված է ժողովրդավարությունը: Պետք է զարգանալ միայն քաղաքական բազային հիմնախնդիրը լուծելու ճանապարհով: Կանե՞նք դա, կստանանք այն հարթակը, որի վրա վրազարգանում են նորմալ տնտեսական հարաբերությունները: Չե՞նք ունենա, կգտնվենք այսպիսի փակ շղթայի մեջ, որտեղից դուրս գալու ելքեր չկան:
Քրիստինա Աղալարան