Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, 10 ամիս շարունակ հետախուզման մեջ գտնվելուց հետո այսօր վերջապես ներկայացավ ոստիկանության բաժանմունք:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց 23-ամյա Սեդրակ Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, իր պաշտպանյալը ցուցմունք է տվել և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Armlur.am-ին հարցին, կանխատեսե՞լ էին արդյոք, որ դատարանը կփոխի Ս. Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը՝ ստորագրությամբ ազատ արձակելու պայմանով, Կ. Գրիգորյանը պատասխանեց, թե ինքն ավելի վաղ դիմել էր մեղադրող դատախազին խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, ինչը մարտի 19-ին բավարարվել էր: Այլ մանրամասներ պաշտպանը չներկայացրեց:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 1-ին Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ինչում մեղադրվում է Սեդրակ Օսիպյանը:
Սեդրակ Օսիպյանին դեպքից երկու օր անց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելը): Նա գտնվում է հետախուզման մեջ: