Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին շարունակել քայլեր ձեռնարկել մարզերում ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակել և աջակցել գործարարներին՝ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս կնպաստի կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը:

Զեկուցվել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ և չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին՝ կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսությունները շարունակել են արդյունավետ աշխատանքները: Ընդգծվել է հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը, որն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է դրանց արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնայնություններից մեկն է:

Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոռոգման սեզոնին լավ է նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ: Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար:

Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆիանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ: Ծրագրերը լավագույնս իրականացնելու համար ակնկալում եմ մարզպետների և համապատասխան նախարարությունների համատեղ աշխատանքը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով քննարկումը, վարչապետն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը և հայտնել կառավարության աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏԻՄ-երի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ մարզպետարաններն ու համայնքները գտնվելու են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ վարչապետը նշել է, որ ընտրվել է ճիշտ ճանապարհ և համայնքների խոշորացումը բխում է համակարգված կառավարման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու ներդրման շահերից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին: ՀՀ վարչապետը կարևորել է բոլոր ոլորտներում ակտիվ, համակարգված գործունեությունը և կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների արդյունավետորեն կյանքի կոչումը:

hovik abrahamyan

unnamed




Լրահոս