ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհին գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգված աղջկա գտնվելու վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Աղջիկը հայտնաբերվել է մարտի 16-ին, ճանաչվել տուժող և հարցաքննվել։
2015 թվականի մարտի 18-ին առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: