ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՊՆ նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարձակություն չի ունենա պատերազմ սկսելու:
-Պարո՛ն Հարությունյան, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, անդադար գնդակոծում է ՀՀ սահմանը, իսկ նախօրեին էլ դիվերսոն հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 զոհ ունենք ու 4 վիրավոր: Ի վերջո, ի՞նչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպեսզի նման դեպքերում զոհերն այդքան շատ չլինեն:
-Պաշտպանության նախարարությունում ամեն ինչ անում են, որպեսզի այդ դեպքերը չլինեն, բայց որ ազերիները իրենց շատ վատ են պահում, ցանկություն ունեն Արցախի հարցը ուժային մեթոդով որոշել, դա ակնհայտ է: Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրանց դա թույլ չտանք:
Թե ինչքան է այս ամենը շարունակվելու, մենք չենք կարող պատասխանել, այդ հարցին պետք է պատասխանի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Ալիեւը, իրենց գլխավոր շտաբի պետը: Մենք ամեն ինչ անում ենք, որ ուժեղ լինենք, մեր բանակը ուժեղ լինի, որպեսզի կարողանանք Ադրբեջանին տալ այն հակահարվածները, ինչին նրանք արժանի են:
-Տեսակետ կա, որ Ադրբեջանի ակտիվացումը կապված է օրերս Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության հետ, թե. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»: Դուք այդ կարծիքի՞ն եք:
-Ես այն տեսակետին եմ, որ երբ կստորագրվի, որ Արցախը անկախ պետություն է, ինչի մասին մենք գիտենք, այդ ժամանակ կերեւա: Ես համոզված եմ, որ այդ ժամանակ նոր կլուծվի այդ հարցը:
-Ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ այս լարված օրերին ճիշտ կլինի, որ հայ զինվորներին առաջի գծից «հեռացնեն», ու սահմանում լինեն այն մարդիկ, որոնք փորձառու են: Ըստ Ձեզ՝ հասունացե՞լ է այն պահը, երբ պետք է ազատամարտիկները սահման գնան:
-Գիտեք ինչ՝ սահմանի վրա կարող է զոհվել ե՛ւ զինվոր, ե՛ւ ազատամարտիկ: Մեր զինվորներն իրենց պարտականությունները շատ լավ են կատարում, ազատամարտիկների օգնությունը կլինի այն ժամանակ, եթե, Աստված ոչ արասցե, սկսվի պատերազմ:
Ազատամարտիկներն իրենց խնդիրները կատարել են ու հիմա ուրիշ խնդիրներ են կատարում՝ օգնում են, որպեսզի զինվորի ոգին բարձրացնեն: Իսկ ինչ վերաբերում է առաջին գծին, ապա մենք ունենք զինված ուժեր, որոնք իրենց խնդիրները շատ լավ են կատարում, ոչ պակաս լավ, քան կարող են կատարել ազատամարտիկները: Մենք կարող ենք ունենալ քիչ մարդ սահմանի վրա, բայց ավելի լավ պատրաստված, քան հակառակորդն է: Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերն ավելի լավ են պատրաստված, քան Ադրբեջանի զինված ուժերը:
-Բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասել է. «Չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմն, օրինակ, կարող է ինչ-որ քայլ անել, ասենք, ինչ-որ տարածքներ հանձնի, ոչ բուն Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվող, եւ որ դա կօգնի հարցի լուծմանը»: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նման առաջարկին:
-Փոխզիջումների կարող ենք գնալ այն ժամանակ, եթե որոշվի Ղարաբաղի հարցը, եթե չորոշվի Ղարաբաղի հարցը, ինչ փոխզիջումների մասին է խոսքը, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Թող սկզբում ադրբեջանցիները ստորագրեն, որ Արցախն անկախ պետություն է, դրանից հետո մենք կմտածենք՝ ինչ վերադարձնել կամ չվերադարձնել:
–Այնուամենայնիվ, միջազգային կառույցները կարծես թե որեւէ կոշտ հայտարարությամբ չեն պատրաստվում հանդես գալ, ինչից Ադրբեջանն էլ ավելի է ոգեւորվում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է այս դեպքում անեն ՀՀ իշխանությունները:
-Արձագանքներ եղել են Մինսկի խմբի համանախագահների կողմից` կապված մեր ուղղաթիռի ոչնչացման հետ, բայց, իհարկե, ես կցանկանայի, որ ավելի խիստ արձագանք լիներ համանախագահների կողմից:
-Իսկ այս ընթացքում ՀՀ դաշնակից Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել:
-Իհարկե, ես չէի ցանկանա, որ զենք վաճառվեր, բայց եթե անգամ ՌԴ-ն չտա, ապա իրենք կարող են դա գնել Թուրքիայից, այլ պետություններից, այնպես որ, եթե իրենք ունեն ֆինանսական միջոցներ, կարող են եւ այդ զենքն ուրիշ տեղից գնել: Ես համոզված եմ, որ մոտակա ժամանակներում պատերազմի հոտ չկա, համոզված եմ, որ Ալիեւը նման որոշում չի ընդունի: Իսկ եթե նման որոշում ընդունի, կստանա այն պատասխանը, որին արժանի է:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը