Սերժ Սարգսյանի իշխանությունը մարդուն արհամարհելո՞վ է հարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխություններ իրակացնելու համար «հաղթականորեն» ավարտելով համահայկական իր «կոնսոլիդացիան»՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում հավանաբար կհայտարարի գործընթացի պաշտոնական մեկնարկը: Այս համատեքստում խիստ կարեւորվում է վերոնշյալ փոփոխությունների հիմնաքարը հանդիսացող փաստաթղթի՝ «Հայեցկարագի» համապարփակ վերլուծությունը: Փաստաթղթի հեղինակներն առանձին տեղ են հատկացրել բոլոր այն սկզբունքների համար, որոնք, ըստ իրենց, պիտի ընկած լինեն Սահմանադրության նոր նախագծի հիմքում: Այսօր փորձենք հասկանալ, թե որքանով են հռչակված սկզբունքները համապատասխանում Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակի հետ, ինչը թույլ կտա նաեւ հասկանալ իշխանությունների իրական նպատակները:

«Հայեցկարագում» առանձնակի կարեւորություն է տրվում հետեւյալ սկզբունքին՝ «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը եւ երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը»:

Իրականում հար եւ նման սկզբունքների ներառումը գործնական նշանակություն ունեցող այնպիսի փաստաթղթի մեջ, ինչպիսին Սահմանադրությունն է, կարելի է ասել, հռչակագրային մակարդակից չի բարձրանում: Եթե 19-20-րդ դդ. սահմանադրության գաղափարի համատեքստում մարդը հռչակվում էր որպես գերակա արժեք, դա համարվում էր արտառոց, առաջադիմական եւ նույնիսկ հեղափոխական մոտեցում: Սակայն մեր օրերում, երբ ժողովրդավարությունը հավաստել է իր երկակիությունը, քաղաքացուն՝ մարդու արժեք լինելու առաջարկով, հազիվ թե կարողանաս մոլորեցնել: Այդօրինակ սպեկուլյացիաները հատկապես մեր երկրում ոչ ոքի հավատ չեն ներշնչում` առաջին հերթին պայմանավորված են հենց մեր երկրի անկախության շրջանի փորձով:

Ուշագրավ է, որ գործող Սահմանադրության 2-րդ գլուխը համապարփակորեն սահմանում է մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ուստի կասկածելի է, որ նոր փաստաթղթում լինեն աշխարհացունց ու աննախադեպ այնպիսի ձեւակերպումներ, որոնք ահ ու սարսափ տարածեն Հայաստանում ներկայումս տիրող այլանդակ բարքերի վրա: Ավելին՝ երբ պաշտոնական փաստաթղթում սահմանադրական նոր նախագիծ ստեղծելու առաջին սկզբունքը հռչակում ես մարդու գերակայությունը՝ նրան իսկ համոզելով, որ անցյալ տարիներին իրականացրած քո հարստահարություններին այդ թղթի ուժով վերջ ես տալու, հազիվ թե նրան համոզելու ակնկալություն ունես:

Հայաստանի ցանկացած քաղաքացի, որ շփվում է իրավապահ համակարգի, պետական տարատեսակ հաստատությունների ներկայացուցիչների հետ, կփաստի, որ այդ հարաբերություններում իրեն վերաբերվում են նվազագույնը՝ անտարբեր, առավելագույնը՝ արհամարհական: Արդ, արդյո՞ք գործող Սահմանադրության մեջ արձանագրված է, որ քաղաքացուն պետական ապարատի բոլոր օղակներում պետք է լավագույն դեպքում սպասեցնեն, քաշքշեն ու զզվեցնեն:

Հատկանշական է, որ «Հայեցակարգի» հեղինակները պնդում են, թե պետությունը բարձրագույն արժեք է՝ ճանաչելու մարդու արժանապատվությունն ու իրավունքները, ինչն էլ հանգեցնելու է իրավունքի անշեղորեն իրացմանը: Եթե հայացք ձգենք առնվազն վերջին 5-7 տարիներին, կարող ենք ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպես է իշխանությունը մինչ այս մոտեցել մարդու արժանապատվությանն ու իրավունքներին: 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում գնդակահարվեց առնվազն 10 մարդ, սակայն ցայսօր ոչ ոք դրա համար պատասխանատվության չի կանչվել: Տեղի ունեցած մի շարք ընտրություններում հազարավոր ընտրախախտումների համար ոչ ոք չի դատապարտվել:

Վերջին օրերին էլ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի ձեռքում են գտնվում «նալը, մուրճն ու մեխը» եւ նա է որոշողը՝ ով պիտի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվի: Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը պարզաբանում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Այժմ հարկ է վերջին տողերը համեմատել Սերժ Սարգսյանի՝ ս.թ. փետրվարի 12-ի հայտնի ելույթի հետ: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությունն ի պաշտոնե պաշտպանելու պարտավորություն ստանձնած մարդը կոպտագույնս խախտում է այն՝ բացեիբաց արտահայտելով իր նախապատվությունը միահեծանության հանդեպ: Նույն ելույթում նա արգելում է յուրաքանչյուր քաղաքացու օգտվել իր սահմանադրական իրավունքից ու ազատությունից: Եվ այսքանից հետո խոսել մարդու արժանապատվության ու իրավունքների գերակայության մասին, մեղմ ասած, լուրջ չէ:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս