Գյումրեցին կարող է հաշված ժամերի ընթացքում դառնալ բռունցք ու իր խոսքը հասցնել ում հարկն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներհայաստանյան քաղաքական դաշտի վերջին վերադասավորումները բնականորեն պետք է պրոյեկտվեին նաեւ մայրաքաղաքից դուրս` հանրապետության մյուս քաղաքներում: Եվ առաջին հերթին` Գյումրիում, որտեղից միանգամից ե՛ւ պատգամավորը, ե՛ւ քաղաքապետը դուրս եկան ԲՀԿ-ից: Սակայն հանրապետության երկրորդ քաղաքը, ինչպես այլ հարցերում, այստեղ եւս պահում է իր առանձնահատուկ բնույթը: Առհասարակ, Գյումրին կարելի է համարել Հայաստանի ամենաըմբոստ բնակավայրը:

Գոնե ընթացիկ տարվա իրադարձություններն ապացուցեցին, որ գյումրեցին կարող է հաշված ժամերի ընթացքում դառնալ բռունցք ու իր խոսքը հասցնել ում հարկն է, լինել ե՛ւ իրավատեր, ե՛ւ պահանջատեր՝ միաժամանակ խնդիրներ հարուցելով իշխանությունների համար:

Այստեղ սակայն գործում է մի յուրօրինակություն, որ կապված է քաղաքի ներքին հասարակական-գաղափարական միջավայրի հետ: Այստեղ պաշտոնական քաղաքական ինստիտուտները եւ անձինք, կարելի է ասել, ունեն կա՛մ զրոյական, կա՛մ զրոյականին մոտ դերակատարություն: Քաղաքն ինքն ունի հասարակական գաղափարական ընկալումների իր տարբերակը, որը երկու վեկտորալ ուղղվածություն ունի դեպի քաղաքի հեղինակություններ (անվանեք նրանց թեկուզ թայֆաներ կամ կլաններ) եւ դեպի կրոնական ոլորտ:

Այսինքն՝ Գյումրիում իրական հանրային վստահություն ու հարգանք ունեն քաղաքի հեղինակությունները եւ եկեղեցիականները՝ ի դեմս թեմի առաջնորդի: Ու քաղաքական փոփոխություններն այստեղ այնքանով են կարեւորվում, որքանով որ շոշափում են գյումրեցիների կողմից ընդունելի անձերին ու հեղինակություններին:
Մյուս կողմից՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի վրա սոցիալական բեռն այնքան մեծ ծանրությամբ է ճնշում, որ գյումրեցին ո՛չ ժամանակ ունի եւ ո՛չ էլ «սիրտ ու հավես»՝ երեւանյան քաղաքական վերաձեւումներով զբաղվելու համար, իսկ թե իր համար հեղինակություն հանդիսացող պատգամավորը ինչու դուրս եկավ ԲՀԿ-ից, կոնկերտ ներքաղաքային մակարդակում մեծ բան չփոխեց:

Այս ամենի հանդեպ արհամարհական, անտարբեր վերաբերմունքի ֆոնին մի բանում գյումրեցին ունի հաստատ համոզում՝ այս իշխանություններն իր մատից փուշ հանող չեն, ու սեփական գոյապայքարում ինքը միայնակ է մաքառելու: Գյումրեցին համոզված է նաեւ, որ թույլ չի տա տոկոսներ խփել ու չի ենթարկվի որեւէ տոկոս խփողի, նույնիսկ եթե նա արդեն իշխանության ղեկին է, որովհետեւ կորցնելու բան, կարելի է ասել, այլեւս չունի:

Ինչ խոսք, ներկլանային կամ ավելի նեղ խմբերի ներսում գուցեեւ որոշակի փոփոխություններ եղան Գյումրիում, սակայն համաքաղաքային մակարդակում ամեն բան պահպանում է իր արտաքին հանգիստ բնույթն ու ընթանում տասնամյակների փորձությունն անցած բնականոն հունով:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս