Ինչպես եւ մտավախությամբ կանխատեսել էինք, Հայաստանի իշխանությունների «դիվանագիտական վրդովմունքը» կարճաժամկետ բնույթ ուներ: ՀՀ նախագահի` «մենք չենք ներելու», «մենք չենք հանդուրժելու» եւ նմանատիպ այլ հայտարարություններին հետեւած միակ համարժեք արձագանքը շարունակում է մնալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը` թե՛ այնտեղ հնչած ձեւակերպումների, թե՛ հայտարարության հասցեատերերի իմաստով: Իսկ դրանից բացի, գրեթե բոլոր կարեւոր կենտրոնների արձագանքներում էլ առկա էր դիվանագիտական դեմագոգիայի հստակ չափաբաժինը, ինչը, թվում է, «մենք չպետք է հանդուրժեինք»: Սակայն հանդուրժեցինք, եւ ոչ միայն հանդուրժեցինք, այլեւ թեւքներս քշտած` ընդառաջ նետվեցինք բավարարելու այդ դեմագոգիկ հայտարարությունների հեղինակների պահանջները: Օրինակ՝ ԱԺ արտահերթ նիստում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, հերթական անգամ դեմ տվեց հայկական դիվանագիտության թշերը` շտապելով հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակել ԼՂ հարցով բանակցությունները: Խնդիր չդնելով վերլուծել, թե որքանով են խելամիտ եւ հաշվարկված այդ բանակցություններից դուրս գալու կամ դրանք կասեցնելու մասին որոշ քաղաքական ուժերի պահանջները, նկատենք սակայն, որ առնվազն անհասկանալի է` ինչ կարիք կար այդքան հապշտապ հայտարարել, որ մենք դուրս չենք գա բանակցային գործընթացից: Մի՞թե չէր կարելի գոնե որոշ ժամանակ այդ մասին լռել` այդպիսով ստիպելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներին անհանգստանալ եւ լրացուցիչ ջանքեր թափել հայկական կողմի «սիրտն առնելու» համար: Սա հենց այն դեպքն էր, երբ կատարվածն այն աստիճանի անբարոյական ու ցինիկ էր, որ անգամ ռեալ պոլիտիկանտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար էր դժվար լինելու Հայաստանի հետ պահանջատիրոջ դիրքերից խոսել: Սակայն միանգամայն անհասկանալի պատճառներով, Նալբանդյանը չօգտվեց այդ հնարավորությունից: Նույն կերպ իրեն դրսեւորեց նաեւ Սերժ Սարգսյանը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ երեկվա հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այդ ԵՊՀ-ում հստակ ասել էր, որ Սաֆարովի հանցագործության համար ՆԱՏՕ-ն կամ Հունգարիան պատասխանատու չեն: Իսկ մարդասպանի ազատ արձակման մասին էլ կարծիք էր հայտնել, որ դա «չի օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ երկու երկրների երկխոսությանը»: Պատկերացնո՞ւմ եք, փաստորեն, այդ ազատ արձակումը կարող էր եւ օգնել երկխոսությանը: Այս անհեթեթ դիվանագիտական ձեւակերպումից հետո Ռասմուսենը լսեց Ս. Սարգսյանի հավաստիացումները, թե չնայած մենք ազգովի ականատես եղանք « «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնական` արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատման եւ այլ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը», «սակայն դա չպետք է ստվեր գցի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա»: Լավ, ինչո՞ւ պետք է հայկական կողմը դա ասեր, գուցե Ս. Սարգսյանը մի պահ դադար տար եւ սպասեր, որ դա ասեր Ռասմուսե՞նը: Սակայն թերեւս, զարմանալ պետք չէ: Ի վերջո, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է:
Ի ՔԱՇՔՇՈՒՄՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ