Սերժ Սարգսյանը France 24-ի եթերում քննադատել է թուրքական ժխտողականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սուր քննադատության է ենթարկել թուրքական ժխտողականության նոր դրսևորումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով France 24-ի կայքը, Հայաստանի Հանրապետության Նախագահը Գալիպոլիի ճակատամարտի հիշատակումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությանը հարմարեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ընդունած որոշումն անվանել է «ժխտողականության ցինիկ դրսևորում»:

«Ցավոք, մենք կրկին ականատեսն ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, ցինիկ դրսևորման: Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին, և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին, դա ակնհայտ: Սա մի կողմից վիրավորանք է իր մեջ պարունակում, մյուս կողմից փորձ է խանգարել ապրիլի 24-ի միջոցառումներին», – ասել է Սարգսյանը:

Հեռուստաընկերությունը նշում է, որ ապրիլի 24-ին հիշատակվելու է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, որի հետևանքով մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին և նահատակվեցին: France 24-ը փաստում է նաև, որ Թուրքիան ցայսօր հերքում է Հայոց ցեղասպանությունը, պնդելով իբր տեղի ունեցածը պատերազմի ընթացքում բորբոքված բռնության արդյունք է:

«Մեր նպատակն էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը թուրք ժողովրդի հետ միասին», – ասել է Սարգսյանը, նշելով, որ դա է եղել Թուրքիայի նախագահին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը հրավիրելու պատճառը:

France 24-ի կայքը գրում է, որ փոխարենը, Էրդողանը ընտրեց նույն այդ օրը՝ հրավիրելու իր հայ գործընկերոջը Գալիպոլիի քարոզչական արարողության հարյուրամյակին, որի ընթացքում նշվելու էր Անտանտի ուժերի դեմ (հիմնականում ավստրալական և նորզելանդական) օսմանյան բանակի տարած խոշոր հաղթանակի տարեդարձը:

Հեռուստատեսությունը հիշեցնում է, որ ապրիլի 24 Երևանում անցկացվելիք արարողություններին ներկա կլինեն մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:




Լրահոս