Օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Սամվել Բալասանյանին ինքն է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրել: Սակայն ԲՀԿ-ականները մինչեւ այժմ պնդում են, որ դա իրենց որոշումն է: Չնայած դրան՝ մինչ օրս շատ քիչ թվով ԲՀԿ-ականներ են մասնակցել Սամվել Բալասանյանի քարոզարշավին: Բալասանյանի համար Գյումրիում աշխատում է միայն ՀՀԿ-ն:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե ինչու ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չի մասնակցում Բալասանյանի քարոզարշավին: «Այն, որ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու է Գյումրիում, միարժեք է, եւ այդ մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է նաեւ Սամվել Բալասանյանը եւ շնորհակալություն հայտնել ինչպես կուսակցությանը, այնպես էլ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին նման բարձր վստահության համար: Մարտուն Գրիգորյանը՝ որպես կառույցի ղեկավար, կոնկրետ ՏԻՄ ընտրությունների հետ կապված հստակ հանձնարարականներ ու գործառույթներ ունի, որոնք էլ բարեհաջող կերպով իրականացնում է: Պետք չէ սադրանքներ փնտրել այնտեղ, որտեղ իրականում չկան»,-եզրափակեց Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը: Մինչդեռ փաստն այն է, որ Գրիգորյանն ու նրա թիմակիցները պարզապես չեն աշխատում Բալասանյանի համար:
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՉԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ