«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ահազանգ էր ստացել Աբովյան քաղաքի բնակիչ Կարինե Մուրադյանից: Նա դժգոհում էր, որ իր քրոջ որդուն` 22-ամյա Հարություն Մանուկյանին, անիմաստ ձերբակալել են:
Հարությունը 2010-ին է զորացրվել հայոց բանակից: Հետո ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան: Սովորելուց բացի, միաժամանակ խոհարար է աշխատել, որպեսզի թեթեւացնի ծնողների հոգսը: Հարությունի մորաքույրը` տիկին Կարինեն, երկրաշարժից հետո է սկսել ապրել նրանց հետ: Մանկուց նրան մորաքույրն է պահել եւ հարազատ որդու չափ սիրում է: Տիկին Կարինեից տեղեկացանք, որ Հարությունի, իր եւ իր քրոջ, այսինքն` Հարությունի մոր դեմ 2011-ի աշնանը քրգործ էր հարուցվել: Երիտասարդի եւ նրա մորաքրոջ դեմ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Իսկ Հարությունի մոր` Մարիետայի դեմ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Այս մեղադրականով 2011-ի նոյեմբերին գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մոտ մեկ տարի է՝ դատական գործընթաց է տեղի ունենում, եւ նշված անձանցից միայն Հարությունն է իր պատիժը կրում: Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հ. Մանուկյանի դատապաշտպան Մնացական Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրվողի դատական գործը միջնորդությունների փուլում է. «Ըստ իս, այս դեպքում խուլիգանություն չկա»: Նշենք, որ Հարությունը զորացրվելուց հետո ձեռք էր բերել ոտքերի կոշտուկներ եւ սուր ֆարինգիտ:
Ինչպե՞ս է սկսվել այս գործի պատմությունը: Մորաքրոջ ասելով՝ նույն թվականի հուլիսի վերջերին Հարությունին կեսգիշերից հետո Աբովյանի զինկոմիսարիատից զանգում են ու տեղեկացնում, որ պետք է առավոտյան ներկայանա: Զինկոմիսարիատն էլ իրենց տան հարեւանությամբ է գտնվում: Հարությունը ներկայանում է: Այնտեղ նրանից պահանջում են երեք օրով մասնակցել Արցախում կայանալիք պահեստազորի հավաքին: Սակայն Հարությունը հրաժարվում է` ասելով, որ վատառողջ է ու բանակում ձեռք բերված հիվանդության պատճառով արդեն շնչառական խնդիրներ ունի: Երբ տղան ընդդիմանում է, զինկոմիսարիատի ղեկավարությունը ոստիկանություն է կանչում, եւ նրան մինչեւ ուշ գիշեր պահում են ոստիկանությունում: Կատարվածից զայրացած երիտասարդի մորաքույրը հաջորդ օրը ներկայանում է զինկոմիսարիատ` մանրամասնելու, թե ինչու են իր վատառողջ զարմիկին ուղարկում Արցախ: Բայց այնտեղ նրան կոպիտ են վերաբերվում: Ըստ մորաքրոջ` նույնիսկ ծեծում են. «Ունեմ նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատասխանները, որոնք ապացուցում են, որ թիկունքիս ու ձեռքերիս կան մարմնական վնասվածքներ»:
Տիկին Կարինեն մեզ տեղեկացրեց, որ Հարությունի զինվորական գրքույկը երկու անգամ զինկոմիսարիատից առանց բացատրության վերցրել են: «Ես էլ գնացի զինկոմիսարիատ, որ վերցնեմ այն: Ինձ ասացին, որ պետք է վայենկոմին տեսնեմ կամ նրա տեղակալին` Մեղրյանին: Բարձրացա իր կաբինետ: Մի քանի անգամ դուռը թակեցի, տեսա՝ բացող չկա, մտա: Մեղրյանը փռված էր իր բազկաթոռին: Հարցրեցի՝ կարելի՞ է: Միայն արհամարհանք: Հազիվ երեսը շրջեց իմ կողմ: Ես էլ միանգամից հարցրի, թե Հարությունի զինգրքույկն ինչու է այսքան ժամանակ մնացել զինկոմիսարիատում, ու ձեռքս դրեցի նրա սեղանին: Ինքն էլ, թե` քեզ ինչ, ա՛յ լիրբ: Ու վեր կացավ բազկաթոռից, բռունցքով ուժեղ հարվածեց ձեռքիս: Եւ այդպես վիճաբանություն սկսվեց իմ ու նրա մեջ: Նա էլ սկսեց գոռալով իր աշխատողներին հրամայել, թե տարե՛ք այս լրբին: Իրենք ինձ սկսեցին հայհոյել: Ես էլ նրանց եմ ի պատասխան հայհոյել, աղջի՛կ ջան: Հետո Հարությունս ու քույրս, լսելով ծեծկռտուքի ձայները, վազելով եկան: Մի զինվորական` Հայկ անունով, գլուխս ձեռքերի մեջ էր առել ու մազերս քաշում էր: Վազել եմ դուրս, որ օգնություն կանչեմ, բայց ոչ ոքի չկարողացա գտնել: Եւ սեպտեմբերի 9-ին զարմիկիս ձերբակալեցին: Այսքան ժամանակ ոչ մի քննիչ, ոստիկանության ոչ մի աշխատակից չի մոտեցել ու չի քննել մեզ»,-պատմեց տիկին Կարինեն:
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Աբովյանի զինկոմի տեղակալ Պողոս Մեղրյանին, որը, մեր հարցերից բարկացած, հայտարարեց. «Դուք պետք է այդ օրը լինեիք իմ կաբինետում ու տեսնեիք, թե ինչ տիպի հայհոյանքներ էր տալիս ինձ: Այդ հայհոյանքները երբեք ոչ մի տղամարդ չի համարձակվի նույնիսկ լսել: Ինչում նա ինձ մեղադրում է, այդ ամենը սուտ է, ինչ ասում է՝ սուտ է: Մեղրյանը հո իրա խելքի՞ն չի: Շուտով Կարինեն էլ է կալանավորվելու: Այ էս իր խոսքերի համար իրեն դատի եմ տալու ու հասցնելու եմ մինչեւ վերջ, որ նա իրոք դատվի: Հոգեկան հիվանդ են, թող գնան բուժվեն»:
Տեղեկացնենք, որ Հ. Մանուկյանի գործով հերթական դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
ՀԱՐԱԶԱՏԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ