Ինչպես արդեն հասկանալի է դառնում, ՀՌԱԿ-ի «խոշտանգումն» ավարտվել է, իսկ ՀՌԱԿ ատենապետ է դարձել «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նորընտիր ատենապետն անգամ արժանացավ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների ընդունելությանը: Այսինքն` վաչապետի եւ Ավետիքյանի քավորսանիկական հարաբերությունները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Իսկ այժմ Ավետիքյանը հանրությանը ներկայանում է որպես միավորված կուսակցության ղեկավար:
Նախ նշենք, որ ՀՌԱԿ-ի կառույցների 90 տոկոսից ավելին հայտարարել էին, որ լքում են ՀՌԱԿը` զերծ մնալով քաղաքական ողբերգություն հիշեցնող բեմականացումից` ի դեմս ՀՌԱԿ-Արմենական կուսակցությունների միավորման: Նրանք այդ մասին տեղյակ էին պահել ՀՀ արդարադատության «արդար» նախարար Հրայր Թովմասյանին: Այսինքն՝ ներկայացրել էին օրենքը, որով ՀՌԱԿ-ն այս վիճակով չի կարող միավորվել որեւէ կազմակերպության (ամեն մարզում այլեւս չկան օրենքի պահանջած 200 կուսակցականներ): Սակայն դա էլ չնպաստեց, որպեսզի այդ միավորումը տեղի չունենար: Իսկ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանն էլ այս կերպ հայտնվեց «լուսանցքում»:
Այս ամենի հետ կապված՝ զրուցեցինք Հակոբ Ավետիքյանի հետ, սակայն վերջինս հերքեց իր եւ վարչապետի քավորսանիկական հարաբերությունների մասին տեղեկությունները. «Սխալ բաներ եք ասում, անշուշտ սխալ է»: Իսկ հիշեցմանը, թե ՀՌԱԿ-ի կառույցների 90 տոկոսից ավելին հայտարարել էին, որ լքում են ՀՌԱԿ-ը, Ավետիքյանը պատասխանեց. «Սխալ բաներ եք ասում, ընդհակառակը, երբ այս երկու կուսակցությունները միավորվեցին, որը տեւեց 14 ամիս, եւ ՀՌԱԿ-ում ովքեր որ մնացել էին՝ 2003թ. այս կողմ, հեռացողներ կային, չեզոքացված մարդիկ կային, մենք այժմ կորուստներ չունենք որպես այդպիսին: Մեր կորուստները նրանք են, ովքեր 2004թ. կուսակցությունից ինքնամեկուսացվածներ էին»: Մեր դիտարկմանը, թե հակաօրինական չէ արդյոք Արմենական կուսակցության միավորումը ՀՌԱԿ-ին, Ավետիքյանն արձագանքեց. «Եթե հակաօրինական լիներ, ուրեմն համապատասխան վարչությունը չէր գրանցի»:
Ի դեպ, անհասկանալի է, թե ինչ տեղի ունեցավ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հ. Առաքելյանի` «Նաիրիտ»-ի գործի հետ կապված հրապարակային ֆաքսերի հետ, որոնք նա ուղարկում էր Տիգրան Սարգսյանին՝ դրանցում ներկայացնելով սենսացիոն բացահայտումներ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 7-ին գրել էր, որ Առաքելյանը հանկարծակի անհետացել է դաշտից: Որոշ ժամանակ հետո պարզվել էր, որ ՀՌԱԿ նախկին ատենապետը Ստրասբուրգում է եւ որոշել է բնակություն հաստատել այնտեղ: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանը որոշել է վերջնականապես խզել իր կապերը Հայաստանի հետ:
Ինչեւիցե, տեղեկացանք, որ ՀՀ վարչապետին ուղղված այդ ֆաքսերը, որոնց կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, դատախազությունն ուղարկել է ոստիկանություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ գործը դեռեւս գտնվում է նախաքննության փուլում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Առաքելյանին ընդամենը մեկ անգամ են հրավիրել գլխավոր քնչական վարչություն (2011թ. դեկտեմբեր): Այնտեղ նա ներկայացրել է 44 սկզբնաղբյուրներ, որոնց շնորհիվ կատարել է իր ուսումնասիրությունները: Նշենք, որ Առաքելյանն անձնական հարց չէր բարձրացրել: Խոսքը պետական ունեցվածքի, այսինքն՝ ժողովրդի փոշիացրած սեփականության մասին էր, որը գնահատվում էր 100 մլն դոլարից ավել: Եւ եթե Հ. Առաքելյանն այսօր չկա ասպարեզում, ապա ՀՀ-ում կա դեռեւս «ոչ կրիտիկական զանգված հանդիսացող» 3 միլիոն ՀՀ քաղաքացի, որոնցից յուրաքանչյուրը կարող է պահանջատեր լինել:
ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ՀԱՍԱՎ ԻՐ ԵՐԱԶԱՆՔԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ