Տուբերկուլոզը պահանջում է երկարատև բուժում. մահացության ցուցանիշները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշները վերջին տասը տարիներին աստիճանաբար նվազել են: Նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք: Այս մասին «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Անդրադառնալով տուբերկուլոզի բարեհաջող բուժման դեպքերին, ապա դրանք ևս ավելացել են: Տնօրենի խոսքով, հիվանդությունը պահանջում է երկարատև բուժում, բայց հիվանդները հաճախ այն կիսատ են թողնում, որն էլ պատճառ է դառնում հիվանդության հետագա խորացման համար: «Հատկապես դեղակայուն տուբերկուլոզի բուժումը տևում է երկու տարի: Առաջին ամիսներին նկատելով առաջընթաց բուժման գործընթացում՝ հիվանդները հաճախ այն ընդհատում են ու, օրինակ, մեկնում արտագնա աշխատանքի, որի ժամանակ էլ մեծ է հիվանդության կրկնման վտանգը»,- նշեց Արման Հայրապետյանը:

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: «Այն դատավճիռ չէ մարդկանց համար, եթե ժամանակին ախտորոշվում է, ու անձը մտնում է բուժման ցիկլի մեջ՝ պահպանելով ռեժիմն ու ժամանակահատվածը»,- ասաց նա:




Լրահոս