Գյումրիում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու դանակահարության վերաբերյալ մինչ օրս ոստիկանության տրամադրած տվյալները սահմանափակ են եւ կցկտուր: Դեպքի օրը, երբ Տնտեսագիտական ինստիտուտի մոտակայքում դանակահարել էին գյումրեցի 19-ամյա երիտասարդին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ դեպքը նոր է տեղի ունեցել, եւ մանրամասներ ասել չեն կարող, բոլոր նորությունների մասին լրատվամիջոցներին տեղյակ կպահվի լրացուցիչ: Սակայն դեպքից մի քանի օր անց էլ հստակ պարզ չեն դեպքի դրդապատճառները. արդյոք ծեծկռտուքը եղել է աղջկա պատճառով, ինչպես խոսում են գյումրեցիները:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Ահարոնյանը փաստեց, որ նախաքննություն է ընթանում, եւ մանրամասները առայժմ հրապարակման ենթակա չեն: Ըստ նրա` այն, ինչ հրապարակման համար է, ոստիկանության պաշտոնական կայքէջում ներկայացված է:
Իսկ ոստիկանության պաշտոնական տվյալներով` պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մոտ վիճաբանության ժամանակ Արամ Հ.-ին դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել 20-ամյա Արտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել եւ խոստովանել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների՝ դանակահարված երիտասարդը կեսօրին մոտ ինքնակամ դիմել է Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց՝ պարանոցի եւ բազկի վնասվածքներով: Նա ուսանող է եւ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Բուհի ռեկտոր Սամսոն Դավոյանի խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել բուհից դուրս: «Մի խումբ տղաներ են եկել, դուրս են եկել նաեւ մեր տղաները, եւ միջադեպ է պատահել, այլ մանրամասներ միայն ոստիկանությանն է հայտնի»,-նշեց ռեկտոր Ս. Դավոյանը:
Գյումրի