Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից կաթնամթերքի ոլորտում նախատեսվել է անցկացնել անակնկալ ստուգումները, որը «ձախողվել է» լրագրողների կողմից մամուլում բարձրաձայնելու պատճառով: ՍԱՊԾ-ը կգերադասեր լրատվամիջոցներից թաքցնել կաթնամթերքի ոլորտում տեսչական ստուգայցեր իրականացնելու փաստը, քանի որ դրանց հրապարակումներից տնտեսվարողը կանխավ իրազեկվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Կաթնամթերք արտադրող մի շարք խոշոր արտադրական ընկերություններում ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ սպառողներիս իրավունքները կրկին խախտվել են: Թե ով եւ երբ դրա համար պատասխան կտա, ըստ ծառայության լրատվական բաժնի՝ պարզ կդառնա 10 օր հետո:
Ուսումնասիրությունները կատարվում են ոլորտը սպասարկող 7 խոշոր՝ «Թամարա եւ Անի», «Թամարա», «Բիոկաթ», «Արզնի», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ» եւ «Մուլտի ագրո» ընկերություններում: Ապրանքատեսականու լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են կաթնամթերքի պատրաստման տեխնիկական կանոնակարգով չնախատեված հավելումներ՝ սոդա, կաթի փոշի, բուսական յուղ: «Թամարա եւ Անի», «Թամարա» եւ «Դուստր Մարիաննա» ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել է կաթի փոշի: Չնայած ՍԱՊԾ մասնագետները վկայում են, որ «Սննդամթերքի մասին» օրենքի համաձայն՝ չի արգելվում կաթի փոշու առկայությունը կաթնամթերքում, սակայն պարտադիր է դրա առկայության մասին արտադրանքի վրա մակնշել, ինչը չի արվել: Բուսական յուղ է հայտնաբերվել «Արզնու տոհմային ԹՏԽ» թթվասերի մեջ, որի կիրառումն արգելվում է կենդանական ծագման մթերքների բաղադրության մեջ:
«Խախտումները հայտնաբերվել են իրացման ցանցի կաթնամթերքի փորձաքննության արդյունքում, որոնք էլ հիմք են հանդիսացել կաթնամթերք արտադրող ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու համար: Այն իր մեջ պարունակում է նաեւ վարչական պատասխանատվություն: Ոչ տեսչական գործառույթի ժամանակ՝ ուսումնասիրության փուլում, ո՛չ արտադրողին, ո՛չ իրացման ցանցին վարչական պատասխանատվության չենք ենթարկում: Բայց, ըստ այդմ, դասակարգվում է ռիսկայնությունը, որն էլ տանում է դեպի վարչական պատասխանատվություն: Թե որ ընկերությունները պատասխանատվություն կկրեն, պարզ կդառնան 10 օր հետո»,-պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:
Բ. Պիպոյանը նշեց, որ ՍԱՊԾ-ը խուսափում էր ստուգումների մասին հրապարակումներով հանդես գալ, սակայն լրատվամիջոցներն առաջ են ընկել. «Մենք հենց առաջին օրը խուսափեցինք անուններ տալ, ես չգիտեմ՝ լրատվամիջոցները որտեղից են իրազեկվել ստուգումների մասին: Բանն այն է, որ կան ընկերություններ, որտեղ դեռեւս տեսուչները չեն այցելել: Դա նշանակում է` տեսուչից շուտ տնտեսվարողին ասել՝ քո մոտ ստուգում է լինելու»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս պահի դրությամբ տեսչական գործառույթները շարունակվում են «Թամարա» ՍՊԸ-ում եւ «Մուլտի ագրո»-ում, իսկ «Բիոկաթ» ընկերությունից գլխավոր հաշվապահ ներկայացած Հարությունյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Հ. Գ. Մինչ ՍԱՊԾ-ը փորձաքննություններ է կատարում, մենք անարգել օգտագործում ենք այդ ընկերությունների կաթնամթերքը, առանց դրա վնասակարության մասին տեղեկություններ ունենալու:
ԿԱԹՆԱՄԹԵՐՔ՝ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ