ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ Տավուշի մարզպետարան էինք դիմել, որպեսզի տեղեկանանք, թե այս տարի մարզում ընդհանուր առմամբ հացահատիկի քանի հեկտար ցանք կա: Նաեւ խնդրել էինք հայտնել, թե սահմանամերձ մարզի որ համայնքում որքան հա արտ է ցանվել: Օգոստոսի 28-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը գրավոր պատասխանել է մեր հարցմանը` նշելով. «Տավուշի մարզում առայսօր հնձվել է 5675 հա արտ: Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ ավարտից հետո մարզպետարանի կայքում կտեղադրվեն արտհունձի վերջնական արդյունքները»:
Նկատենք, որ մարզպետի տեղակալը (մարզպետ Արմեն Ղուլարյանն այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում) ըստ էության չի պատասխանել մեր հարցմանը: Մենք հարցրել էինք ոչ թե արտհունձի, այլ արտերի քանակի մասին: Բացի այդ, Լ. Սարգսյանն այդպես էլ չի հայտնել, թե մարզի համայնքներից յուրաքանչյուրում որքան հացահատիկ է ցանվել: Իսկ դրա պատճառն այն է, որ  մարզի շատ համայնքներում հացահատիկ չի ցանվել, մարզպետարանն էլ ամեն տարի մարզում վարուցանքի վերաբերյալ կառավարությանն ուռճացված թվեր է  ներկայացնում:
Արտհունձը դեռ ավարտված չէ, նշանակում է, որ Լ. Սարգսյանի նշած 5675 հա-ն պիտի ավելանա: Եթե հաշվի առնենք, որ մարզի 5 քաղաքներից 4-ում՝ Նոյեմբերյանում, Իջեւանում, Դիլիջանում եւ Այրումում, հացահատիկ ընդհանրապես չի ցանվում, ապա այդ 5675 հա-ն վերաբերում է մարզի մնացած 58 համայնքներին: Ստացվում է, որ մարզի 58 համայնքներից յուրաքանչյուրում միջինը 100 հա հացահատիկ է ցանվել: Սա խիստ կասկածելի է: Այդ պատճառով էլ մարզպետարանը չի ցանկանում մանրամասնել, թե որ համայնքում ինչքան ցորեն եւ գարի է ցանվել:
Նշենք, որ «վերեւներին» ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրելը Տավուշի մարզում սովորույթ է դարձել: 2012թ. ապրիլի 21-ին Այրում քաղաքի մշակույթի տան առջեւ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Տավուշում աղքատության միջին մակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանի մյուս մարզերում եւ նույնիսկ Երեւանում: Սակայն դա իրականության հետ ոչ մի կապ չուներ: Մարզի 62 համայնքներից 46-ը սահմանամերձ են, սահմանագոտում հազարավոր հեկտար հողեր գտնվում են հակառակորդի նշանառության տակ կամ ականապատված են, այդ պատճառով չեն մշակվում: Աճեցրած գյուղմթերքներն էլ, բացի խաղողից եւ ծխախոտից, շատ դժվար են իրացվում, քանի որ Երեւանի շուկան հեռու է:
Փաստորեն, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործելակերպը շարունակվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս