Վալերի Պերմյակովին` ՀՀ-ին հանձնելու նախագիծը չընդգրկվեց օրակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի հեղինակած Գյումրիի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ կողմին հանձնելու մասին նախագիծը` քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը:

Նշենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկելու ժամանակ կողմ ստացվել էր չորս ձայն, իսկ մեծամասնությունը ձեռնպահ էր քվեարկել:

Այսօր քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հանձնաժողովի նիստում նշել էր, որ իրավական առումով թերի է, սակայն իրենք պատրաստ են կողմ քվեարկել` օրակարգ ընդգրկելու համար:

Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ այսօր կայացած խմբակցության նիստում որոշվել է կողմ քվեարկել նախագիծը` օրակարգ ընդգրկելու հարցին, իսկ հետո կաշխատեն հեղինակի հետ:  Նման կարծիքներ ներկայացրեցին նաև պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք: Նրանք բոլորը կարևոր համարեցին նման նախագծի քննարկումը և կոչ արեցին բոլորին կողմ քվեարկել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում և չեն ցանկանում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին: Նա հայտնեց, որ ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ է անում այս ողբերգության մասին քաղաքական շահարկումներ չանել:

Ի վերջո հարցը դրվեց քվեարկության, և քանի որ հանրապետականները չմասնակցեցին քվեարկությանը, նախագիծը մերժվեց:




Լրահոս