Այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ հերթական անգամ միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Դա տեղի ունեցավ Փոստանջյանի ներկայացրած նախագծի քննարկումից հետո, որի ժամանակ վերջինս դժգոհեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից: Ֆարմանյանին բնորոշելիս նա ընտրեց մի քանի կուսակցություն փոխած բառակապակցությունը:
«Ինձանից աջ կողմ նստած պատգամավորները բազմիցս ինձ անձնական վիրավորանքներ են հասցրել, սակայն հորդորում եմ նրանց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նրանց պաշտպանության կարիքը չունի: Ես չգիտեմ, թե դուք դեռ քանի կուսակցություն կփոխեք, սակայն նորից կկրկնեմ, որ Գևորգ Կոստանյանն իր գործառույթները չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, ու դրա վերաբերյալ կա ապացույց՝ չտեսանք հստակ պահանջը, որ նա ուղղել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային»,- ասաց Փոստանջյանը:
Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին պատասխանեց, որ շատ մարդիկ իրենց տանն են հաճելի և ոչ թե տանից դուրս: «Մասնագիտական առումով թերուս մեր գործընկերներին ասեմ, որ իրավական տարրական գիտելիք ունենալու դեպքում կարելի էր հասկանալ, որ պետության կողմից խոսելու համար լիազորված են մի քանի մարդիկ, եթե մենք նամակ գրենք, դա պաշտոնական չի: Ինչպես նաև միջպետական համաձայնագրերի ժամանակ չկա հստակ սահմանված ժամկետ պատասխան ստանալու համար»,- ասաց Ֆարմանյանը:
Թեև երկուստեք խոսափողներն անջատված էին, սակայն մեկմեկու վիրավորանքները շարունակվում էին: Տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով. «Այստեղ նիստ վարող կա, շուկայի մի´ վերածեք»: