
ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝ “Նուվել դ՚Արմենի” պարբերականին տված հարցազրույցը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: “Ժողովուրդ”-ը հիշեցնում է, որ ի թիվս այլ հայտարարությունների, Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ ու նրան հիշատակել մականունով` “Դոդի Գագո”: Հետո այդ լուրը հերքվեց, բայց ոչ թե Հայրապետյանի, այլ ԲՀԿ-ականների կողմից: Հայրապետյանն այս առնչությամբ շարունակում է լռություն պահպանել` անուղղակի հաստատելով իր խոսքերը:
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` անձամբ Հայրապետյանը չի հերքում այս ամենը, քանի որ նրան բացատրել են, որ այդ դեպքում պարբերականն իրավունք կստանա հրապարակել նաև ձայնագրությունը: Եվ այդ զարգացումից խուսափում է ոչ միայն նա, այլև իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ: Նույն աղբյուրների համաձայն` բարձրաստիճան չինովնիկներից մեկը խնդրել է պարբերականի ղեկավարությանը` ոչ մի գնով չհրապարակել ձայնագրությունը, այլապես հետևանքները կարող են արյունալի լինել: