Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` մարտի 22-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում: Armlur.am-ի տեղեկություններով, 13:00-ի սահմաններում գոմում կախված վիճակում հայտնաբերվել է նշված գյուղի բնակիչ 1993 թվականին ծնված Արսեն Ասատրյանը: Ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն:
Armlur.am-ի հետ զրույցում Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը չբացառեց, որ երիտասարդի ինքնասպան լինելու դրդապատճառը կա´մ պետք է լիներ սոցիալական անապահով կյանքը, կա´մ 21-ամյա քրոջ անբուժելի առողջական խնդիրները: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Արսենը դժվար կյանք է ունեցել, սոցիալապես անապահով ընտանիքից էր:
Այդ ընտանիքը, մեր զրուցակցի փոխանցմամբ, «դոմիկային» պայմաններում է ապրում. «Շատ ծանր մանկություն է ունեցել. ծնողներն ամուսնալուծվել էին, երբ նա դեռ շատ փոքր էր: Հետո հայրը կողքի գյուղում ամուսնացել էր, նոր ընտանիք կազմել, տարիներ անց` մահացել: Արսենը որոշ ժամանակ հոր մոտ էր ապրում, իսկ իրենից փոքր քույրը տարիներ շարունակ մանկատանն էր. երբ չափահաս դարձավ, վերադարձավ տուն: Արսենն առողջական որևէ խնդիր չուներ, բանակում ծառայել էր, պատրաստակամ էր բոլորին ցանկացած հարցով օգնել»:
Գագիկ Պալյանը նշեց նաև, որ դեպքը տեղի ունեցել Արսենի ընտանիքին պատկանող տնակին հարակից շինությունում, որը նախկինում հացատուն է եղել, ապա` գոմ դարձել: Գյուղապետը հայտնեց նաև, որ Արսենի մոտ որևէ գրություն չի հայտնաբերվել: