Ինչպես արդեն հայտնել էինք, հանրապետական մեծամասնությունն այսօր չմասնակցեց Վալերի Պերմյակովին` ՀՀ-ին հանձնելու մասին նախագիծը քառօրյա նիստերի օրակարգ մտցնելու հարցի քվեարկությանը: Լրագրողների այն հարցին, թե չեք կարծում, որ ՀՀԿ-ն վախվորած է և այդ պատճառով չմասնակցեց քվեարկությանը, արդեն անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նշեց, թե տեղյակ չէ և կարող է խոսել միայն իր անունից:
«Ես իմ տեղում եմ, իմ անունից եմ խոսում, ես վախվորած լինելու որևէ պատճառ չունեմ: Իսկ ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա իրենց հարցրեք, թող իրենց դիրքորոշումը հայտնեն», – նշեց նա և հավելեց, թե ինքը կողմակից է, որ Պերմյակովին հանձնեն Հայաստանին, և դատավարությունը Հայաստանում անցկացվի:
Հարցին` չեք կարծում, որ ռուսական կողմը ռազմաբազային առնչվող գործի կարևոր մանրամասները թաքցնում է, Գրիգորյանը նշեց, որ նման մտավախություն առկա է:
«Հիմնական մտավախությունը դրանում է, որ ի՞նչն է պատճառը, որ հայկական կողմին հանցագործը չի փոխանցվում, հայկական կողմը քննություն չի իրականացնում: Սկզբունքային առումով Պերմյակովին չփոխանցելը յուրաքանչյուր քաղաքացու մոտ կարող է նմանատիպ կասկած կամ մտավախություն առաջացնել, որ ինչ-որ բան կարող է գործի քննության ընթացքում թաքցվել: Բնական է, որ ես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, Գյումրիից ընտրված պատգամավոր, էդ նույն մտավախություններն ունեմ»,-եզրափակեց պատգամավորը: