Միացե՛ք Հայաստանն առանց աղբի բնապահպանական ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մենք կարո՛ղ ենք, աշխարհ” ( Let’s Do It! World) համաշխարհային շարժման շրջանակներում` “Հայաստանն առանց աղբի” բնապահպանական ակցիան իրականություն կդառնա սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում են “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությունից: “Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից”,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը: Տեղեկացվում է, որ նրանք ովքեր ցանկանում են միանալ մաքրման աշխատանքերին, այստեղ կարող են գտնել մասնակից կազմակերպությունների ցանկը, մաքրման աշխատանքների համակարգողների կոնտակտային տվյալները և մաքրման վայրերը: Նախաձեռնության անդամներն առաջարկում են՝ ընտրել ցանկում նշված վայրերից մեկը, այդ մասին տեղեկացնել համակարգողին, վերցնել ձեռնոց ու տոպրակ և մաս կազմել համահայաստանյան ամենալայնածավալ բնապահպանական ակցիային:




Լրահոս