Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու և կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Խնդրի հետ կապված, քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է սահմանվել նաև մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ արդեն շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը կարգավորվել է և մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ:
«Ինչպես գիտեք մանկապարտեզները արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի աշխատանքը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: