Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, իսկ 5-ժամյա դադարը կլինի գիշերային ժամերին: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը:

«Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես մեծ ձեռքբերում է մայրաքաղաքի համար, և ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները գովելի են:

Համոզված ենք, որ «Երևանը ջուրը», համաձայն ստանձնած պարտավորության, սահմանված ժամկետում կապահովի մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարումը: Ի դեպ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերության աշխատակազմին և տնօրինությանը՝ քաղաքային նշանակության այլ աշխատանքների իրականացման հարցում ցուցաբերվող պատրաստակամության համար ևս ու մասնավորապես Ծիծեռնակաբերդի տարածքում 20 ցայտաղբյուրների տեղադրման և սանհանգույցների կառուցման համար: Նման աշխատանքը պե՛տք է անպայման գնահատվի և պարբերաբար ներկայացվի հանրությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս