Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ներկայացրել է Վերահսկիչ պալատի 2011-ի տարեկան զեկույցը: Այսօր ԱԺ-ում հաշվետվության քննարկումները շարունակվում էին։
Վերահսկիչ պալատը տալ ընդդիմությանը, տալ Ազգային ժողովին։ Նման առաջարկներ այսօր հնչեցին ԱԺ հերթական նիստին խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորների կողմից։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ, ցավոք սրտի, 2006-ից Վերահսկիչ պալատը և ԱԺ-ն բաժանված են երկու մասի. “Այսօր այս կառույցը պաշտպանված չէ և չի կատարում իր գործառույթները”։
Մանուկյանը նշեց, որ հաշվետվության մեջ իսպառ բացակայում է “կոռուպցիա” բառը՝ չնայած այն բանին, որ ՀՀ-ն գտնվում է կոռուպցիոն շատ բարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում. “Վերահսկիչ պալատի հիմնական նպատակը կոռուպցիոն երևույթների վերահսկումն է, բացահայտումը և արդյունքները պառլամենտին ներկայացնելն է: Իսկ ահա դա մենք չենք տեսնում”:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կրկնելով կուսակցության հայտնի առաջարկը, թե կառավարման արդյունավետության տեսանկյունից շատ ավելի կարևոր է վերահսկողական գործառույթներ ունեցող կառույցներում և այդ թվում ՎՊ-ում ընդդիմությանը տեղեր հատկացնելը, համաձայնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկի հետ՝ ՎՊ-ն վերադարձվի ԱԺ-ին, ինչպես նախկինում էր՝ մինչև 2006 թվականը.
“Գոնե ԱԺ-ՎՊ վերահսկողական լիազարությունների փոփոխության առումով պետք է փոփոխություններ արվեն”:
Արծվիկ Մինասյանի մյուս առաջարկը ևս ենթադրում է օրենսդրական փոփոխություն. որպեսզի ՎՊ-ն ուսումնասիրություն կատարի 50%-ից ցածր պետական բաժնեմաս ունեցող հիմնարկ-ձեռնարկություններում։
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին նշեց, որ հատկապես կարևոր է Օրենսդիր իշխանությունը կրող սուբյեկտի՝ Աժ-ի կողմից կառավարության հավասարակշռման, զսպումների սահմնադրական մեխանիզմը։ Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի կողմից պետական բյուջեի ծախսերի վերահսկումը նրանց վերահսկողության գործառույթից ընդամենը մեկն է. “Առնվազն վերջին հինգ տարիներին մենք ականատես ենք մի երևույթի, երբ մի կողմից վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունների արդյունքում պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում հայտնաբերվող ԱԺ-ի, հասարակության դատին է ներկայացնում առանձնապես խոշոր չափերի (խոսքը միլիարդավոր դրամերի մասին է) պետական միջոցների հափշտակությունների հարյուրավոր փաստեր, մյուս կողմից՝ առանձնապես ծանր հանցագորությունների կատարման մասին այս հաղորդումներին ՀՀ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմինները վերբերվում են անհասկանալիորեն անտարբեր։ Ինչի արդյունքում, արձանագրված փաստերը քրեաիրավագիտական շարունակություն չեն ստանում կամ էլ քաղաքական ապարատի ստորին համակարգի մեկ-երկու պաշտոնյա են ձերբակալում”։
ՀԱԿ պատգամավորը բնական համարեց, որ պետական կառավարման համակարգում արմատավորված համատարած կոռուպցիան ինչ-որ չափով կրճատել հնարավոր չէ։ Իսկ ասվածի ապացույցը վերահսկիչ պալատի զեկույցն է. “Միլիոնավոր դրամների չարաշահումների փաստերը բազմաթիվ են, իսկ բարձրաստիճան մեղավորներ այդպես էլ չկան”։
ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանունկյանն էլ նկատեց, թե ՎՊ-ն և նրա նախագահ Իշխան Զաքարյանը անպաշտպան են իրական կոռուպցիոն ռիսկերի հետևից գնալու, վերահսկողության համար “տաբու հիմնարկություններ” մտնելու առումով՝ դե յուրե լինելով անկախ։
Իսկ նախկինում, երբ Արամ Մանուկյանի պատկերավոր խոսքով՝ ՎՊ-ն ԱԺ-ինն էր, “Իշխան Զաքարյանն իրեն կհամարեր մերը, մենք՝ իրենը”։ Որպես վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին Պալատը շատ ավելի ուժեղ կառույց էր։
“Իշխան Զաքարյանը պետք զգար էս հիմնարկի շնչառությունը և պաշտպանվածությունը”,-ամփոփեց ՀԱԿ պատգամավորը: