Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ.
«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը:
Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում պատկերված են ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայողի` իրենց մոտ հայտնվելու դրվագները: Զինծառայողի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն: