Hürriyet թերթը հարցազրույց է անցկացրել պատմաբան Յուջին Ռոգանի հետ իր նոր «Օսմանյան կայսրության անկումը. 1914-1920թթ. Աշխարհամարտը Մերձավոր Արևելքում» գրքի մասին, ինչպես նաև Ցեղասպանության թեմայի շուրջ նրա ուսումնասիրությունների և պատերազմի 100-րդ տարելիցի հակասությունների վերաբերյալ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեղինակի տեսակետերը ներկայացնում ենք ստորև.
– Ձեր գրքում ինչպե՞ս եք փորձել անդրադառնալ Հայկական հարցին:
Ակնհայտ է, որ թուրք ընթերցողների մեծ մասը կկարդա այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ապա կհասնի Հայոց հարցին և շատ անհարմար կզգա: Այն մոտեցումը, որով ես փորձեցի մոտենալ հարցին, սկզբում դուրս է գալիս Ցեղասպանության ճանաչման սահմաններից: Հարյուր տարի է անցել, և ես չեմ հասկանում՝ ինչու՞ այս հարցում դեռ բացեր կան: Չեմ հասկանում՝ ինչպես են պատմաբանները կարողանում նման վստահությամբ հարցականի տակ դնել արդյո՞ք Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր:
Սակայն ես չէի ուզում ներգրավվել այդ բանավեճի մեջ, ես ցանկանում էի մի համատեքստի մեջ դնել այնտեղ այդ ժամանակ կատարվածը: Ուզում էի հետազոտել՝ ինչն էր, որ տեղիք էր տվել գոյատևման սպառնալիքին, ինչն էր դրդել մարդկանց հավատալու, որ հայերի ոչնչացումն իրենց ազգային պարտքն էր: Կարծում եմ՝ Ալի Ռիզա Էթիի նման մեկը, որը շատ մակերեսային և ակնհայտ հեռանկարներ է տալիս, մատնանշում է՝ ինչպես է անվստահությունը վերածվում ատելության: Դա շատ բան է ասում այն միջավայրի մասին, որում կարող է ցեղասպանություն տեղի ունենալ: Ժամանակին խաղաղ պայմաններում մեկ այլ համայնքի հետ ապրող բնակչությանը միայն գոյատևման սպառնալիքի զգացումն էր, որ կարող էր դրդել նրա հանդեպ բռնություն դրսևորելուն:
Ինձ իսկապես հետաքրքիր է իմանալ՝ ինչ է թուրք ընթերցողը ստացել գրքից: Նրա մես ծասը պատմում է նշանակալից և հերոսական պատերազմում օսմանյան զինվորների ջանքերի մասին: Նրանք պայքարում էին աներևակայելի համառ մի պատերազմում և նշանակալից հաղթանակների էին հասել իրենց ուժեղ թշնամու հանդեպ, սակայն Հայոց հարցը սարսափելի մի բիծ է, որն անցնում է օսմանյան պատերազմի միջով: Կարծում եմ՝ Թուրքիայում շատերն են պատրաստ կոտրելու տաբուն ու առաջ շարժվելու:
– Թուրքիայի Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման պաշտոնականարարողությունն այս տարի մարտի 18-ից տեղափոխվել է ապրիլի 24-ը՝համընկնելով Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին: Ի՞նչկարծիքի եք այդ մասին:
Կարծում եմ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը տատանվում էր, երբ փորձում էր գտնել մի բանաձև, որը ստվեր կգցեր պատմության ճանաչման հայկական պահանջների վրա: Մեկ տարի առաջ նա ափսոսանք էր հայտնել պատերազմի ժամանակ հայերի (և ոչ միայն հայերի) տառապանքների համար: Չնայած դրան, բազմաթիվ հայ փորձագետներ համարում էին, որ դա ոչ ադեկվատ էր: Սա, իհարկե, հայերի միտումնավոր տեղահանության քաղաքականության ճանաչում չէր: Այնուամենայնիվ, դա ավելին էր, քան որևէ թուրք ղեկավար երբևէ ասած կլիներ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կրած տառապանքների մասին: Թվում էր՝ նա փորձում էր Թուրքիան առաջ շարժել դեպի հայերի ողբերգական պատմության ճանաչումը:
Սակայն նախագահի՝ Գալիպոլիի հիշատակման արարողությունը մարտի 18-ից և ԱՆԶԱԿ-ի օրը (Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նշվող Գալիպոլիի ճակատամարտին նվիրված ազգային տոն) ապրիլի 25-ից ապրիլի 24-ը տեղափոխելու վերջին որոշումը բնավ տեղին չէր: Դա միջազգային հանրության առջև անհարմար իրավիճակում հայտնվելու առիթ է, որովհետև համաշխարհային առաջնորդները գրեթե առանց բացառության մերժում են Թուրքիայի հրավերը:
Ամոթ է, որովհետև թուրքերը, ավստրալիացիները և նորզելանդացիները միջև ԱՆԶԱԿ-ի օրը պատերազմը հիշելու մշակույթ ունեին: Այդ օրը հետպատերազմյան հաշտեցմամբ և արժանապատվության զգացումով հիշատակում էին Աշխարհամարտի տարիներին օսմանյան հաջողությունները:
Հայոց հարցում թուրքերի լուծումը կլինի այն, որ նրանք ընդունեն հակամարտության ուժգնության չափը, պատմությանն անդրադառնան բաց ու ազնիվ կերպով և հաստատեն հավերժական բարեկամության երդում, որը անցյալի սարսափներն այլևս երբեք չկրկնելու և չմոռանալու գրավական կլինի: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա տեղի կունենա Էրդողանի ղեկավարության օրոք:
Առաջին աշխարհամարտից հարյուր տարի անց էլ շարունակվում է այս հարցի շուրջ ճնշումը, և Էրդողանը շարունակելու է առերեսվել պատերազմական ժամանակաշրջանի Թուրքիայի պատմության հետ: Վախենամ՝ Թուրքիայում ապրիլի 24-ը շատ անհարմար օր կլինի: Այդպես չպետք է լիներ: Խայտառակություն է, որ Էրդողանն ընտրել է հիշատակման այս ապակողմնորոշիչ օրը: