Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ներկայացրել էր Վերահսկիչ պալատի 2011–ի տարեկան զեկույցը: Այսօր, ԱԺ-ում հաշվետվության քննարկումները շարունակվում էին։ Ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև.
“Տիկնա՛յք եւ պարոնա՛յք.
Ամենացնցող նորությունը, որ իմացանք Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու եւ դրան հետեւած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը “ռասկրուտկա” անելու:
Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվյալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում‘ “իրական մրցակցությունը” տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ‘ արտամրցութային պայմաններում, որ սոցիալապես ապահով, աշխատանք, տուն, մեքենա եւ եկամուտներ ունեցող մարդիկ ընդգրկվում են սոցիալական նպաստառուների ցանկում եւ նպաստներ են ստանում:
Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներին չես զարմացնի: Եւ դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից Իշխան Զաքարյանի ղեկավարած հիմնարկին տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որ նա ասի բաներ, որոնց մասին մենք բոլորս գիտենք առանց իրեն էլ:
Հարց կծագի. իսկ ինչպիսին պետք է լիներ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Հեծանիվ հորինելու հարկ չկա, օրինակ, երբ հաշվետվության մեջ նշվում է անորակ շինարարության մասին, պետք է նշվեին նաեւ հինգ-տասը ամենաաղաղակող դեպքերը, անորակ շինարարություն իրականացրած ընկերությունների, դրանց տնօրենների եւ սեփականատերերի անունները, այն կազմակերպության անունը, որը մրցույթում հաղթող է ճանաչել տվյալ ընկերությանը, կազմակերպության ղեկավարի եւ մրցութային հանձաժողովի ղեկավարի անուն ազգանունները:
ՀՀ Սահմանադրությունը Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան առնվազն մեկ հաշվետվության ինստիտուտը սահմանել է ոչ ամենեւին նրա համար, որ Պալատի նախագահը Ազգային ժողովի ամբիոնից իրենց կայքը գովազդի: Հաշվետվության քննարկումը այլոց շարքում պետք է դառնա առնվազն հասարակական պարսավանքի մի յուրօրինակ ինստիտուտ, երբ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ժողովուրդը լսի իր փնթի եւ կոռումպացված չինովնիկների, անպարտաճանաչ եւ անորակ աշխատանք անող կապալառուների անունները: Եւ ի վերջո, կոնկրետության մեջ հասկանա, թե ինչով է զբաղված Վերահսկիչ պալատը:
Ինչու՞ ուրեմն, այսօրինակ կոնկրետություն չկա Իշխան Զաքարյանի հաշվետվության մեջ: Այս հարցին պատասխանելիս պարոն Զաքարյանն ասաց, որ եթե հաշվետվությունն այդպես կազմված լիներ, կդառնար մի հասափոր գիրք, եւ ինքը խնայել է պատգամավորներին, որ հայրենի օրենսդիրները անհարկի չտքնեն: Բայց երբ պատգամավորներն այնուամենայնիվ ինչ-որ հարց կոնկրետացնելու փորձեր էին անում, նա նրանց խորհուրդ էր տալիս այցելել կայք, որի ետին էջերում ինչ-որ փաստաթղթեր են, հիմնականում հեղուկ բովանդակությամբ:
Ինչպես հասկացաք, ինքս անսացել եմ պարոն Զաքարյանի խորհրդին եւ այցելել եմ Վերահսկիչ պալատի հիմա արդեն աշխարհահռչակ կայքը: Կարդամ առաջին էջում տեղադրված գլխավոր նյութերի վերնագրերը (մեջբերում եմ).
– Ղրղզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի
12-րդհամագումարը
– ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սեպտեմբերի 3-ից 6-ը կմեկնի Ղըրղըզստան
– Երևանում ՀՀ վերահսկիչ պալատի և Նիդերլանդների թագավորության հաշվիչ դատարանի միջև անցկացվել է
աշխատանքային խորհրդակցություն
– Միավորված Ազգերի Կազմակերպության 66-րդ գլխավոր ասամբլեան 2011 թվականի դեկտեմբերին ընդունել է…
Պալատի կայքը հարկ չի համարել նույնիսկ տեղեկատվություն տալ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իրադարձություն, որ նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, փոխարենը լուրերի բաժնում տասնյակ տեղեկություններ կան ՎՊ ղեկավարի ճանապարհորդությունների մասին: Երեկ ԱԺ ամբիոնից Իշխան Զաքարյանը ակնարկում էր, թե որոշ երկրների Վերահսկիչ պալատներ սեփական դատախազություն ունեն: Վերահսկիչ պալատի՝ ԱԺ ներկայացրած 13 էջանոց հաշվետվության երկու էջը Պալատի արտաքին հարաբերությունների մասին է: Վերը նշված վերնագրերը կարդալիս էլ մտածեցի, որ Հայաստանի ՎՊ-ին սեփական արտաքին գործերի նախարարություն է պետք, որ պարոն Զաքարյանը ստիպված չլինի պետական բյուջեի հաշվին տանջալի ճանապարհորդություններ իրականացնել երկրագնդի շուրջ: Ու եթե հաշվի առնենք, թե որքան պարապ է Հայաստանի ԱԳ նախարարությունը, թերեւս հեռու չէ այն օրը, երբ ստիպված կլինենք ԱԳՆ-ն կցել Վերահսկիչ պալատին, նախարար Նալբանդյանին վերապահելով Իշխան Զաքարյանի տեղակալի կարգավիճակ, ճանապարհորդության գծով:
Եւ այնուամենայնիվ, հնարավո՞ր է արդյոք Վերահսկիչ պալատի կայքում գտնել անպարտաճանաչ չինովնիկների եւ կապալառուների անունների ցանկ: Երեկ բավական երկար փորձեցի գտնել նման մի ցանկ: Չգտա, իհարկե: Փոխարենը՝ շատախոս եւ անբովանդակ մի քանի փաստաթուղթ տեսա: Հետո դադարեցրի փնտրտուքը, որպեսզի ասեմ հետեւյալը. պարոն Զաքարյան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձեզ եւ ձեր հիմնարկին 859 միլիոն դրամ վճարում է, որպեսզի դուք պատճաշ հաշվետվություն ներկայացնեք Ազգային ժողովին, եւ ոչ թե դատարկ հայտարարություններով լեցուն շարադրություն: Ժողովուրդը ձեզ վճարում է, որ դուք այստեղ ունենաք պատգամավորների կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ եւ ոչ թե նրանց ուղարկեք այսկողմ-այնկողմ:
Իսկ պատասխաններ Իշխան Զաքարյանը չունի: Նա չգիտի օրինակ, թե ՎՊ կողմից նախորդ տարիներին արված աղմկոտ բացահայտումների կապակցությամբ Հայաստանի դատարանները քանի մեղադրական դատավճիռ են կայացրել, ում նկատմամբ: Սա շատ կարեւոր տեղեկատվություն է, որովհետեւ եթե հայտնի աղմկոտ հայտարարություններով դատավճիռներ չկան, կնշանակի՝ կամ Վերահսկիչ պալատն է ստախոս, կամ դատախազությունն ու դատարաններն են կոռումպացված: Կամ էլ Վերահսկիչ պալատը ինչ-ինչ նկատառումներով ընթացք չի տվել գործին: Կամ՝ բոլորը միասին:
Վերահսկիչ պալատի նախագահը չպատասխանեց նաեւ հարցին, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպես է ընթացել իր շքեղ առանձնատան շինարարությունը Նոր-Նորքում: Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն ինքը լրջագույն վերահսկողության կարիք ունի:
Եւ այնուամենայնիվ, պատասխանի կարիք է զգում հետեւյալ հարցը. ինչու՞ Զաքարյանի հաշվետվության մեջ չկան կոնկրետ հասցեներ եւ անուններ: Կարծում եմ գոյության իրավունք ունի նաեւ հետեւյալ վարկածը. առջեւում նախագահական ընտրություններ են ու գրեթե ակնհայտ է, որ հավելագրումների, անորակ շինարարությունների, վատնումների, անարդյունավետ ծախսումների, հակամրցակցային համաձայնությունների, սոցիալական նպաստների ոլորտում չարաշահումների ետեւում կանգնած են նրանք, ովքեր առաջիկա փետրվարին պետք է կազմակերպեն “ազատ, արդար, թափանցիկ” ընտրություններ: Իսկ Սերժ Սարգսյանն ու Իշխան Զաքարյանը չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Նրանք հաճելին համատեղում են օգտակարի հետ. մի կողմից ,Հայլուրներովե ռեպորտաժներ են սարքում, թե ինչպես է իշխանությունը քափքրտինքի մեջ պայքարում կոռուպցիայի դեմ, իսկ մյուս կողմից, տրիվյալ, լղոզված, կոնկրետությունից զուրկ հաշվետվություններով քաջալերում են կոռուպցիան, որ ընտրություններում “հաղթեն” այնպես, ինչպես դա արել են մինչեւ հիմա:
Շնորհակալություն”: