Մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ N զորամասերում առեղծվածային դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Նախ՝ նշվածը օրը ԼՂՀ ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը լքել էր մարտական դիրքերը` հայտնվելով հակառակորդի կողմում: Իսկ, ահա, ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել:
Ամեն ինչի մասին ամենասկզբից
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության պաշտպանական բանակի պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի շարքային պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել:
Հրապարակումից հետո Ադրբեջանը, շարունակելով իր որդեգրած նենգ քաղաքականությունը, տեսանյութ հրապարակեց, որտեղ Անդրանիկ Գրիգորյանը պատմում է, թե իբր ինչպես են զորամասում իրեն ծեծել, ուստի` անիմաստ մահից խուսափելու համար ինքը լքել է մարտական դիրքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, պատմեց, որ Անդրանիկը, արդեն երկու տարի է, որպես պայմանագրային զինծառայող աշխատում է ԼՂՀ ՊԲ-ում. «Այնքան լռակյաց էր, որ մեզ ոչինչ չի պատմել իր ծառայությունից, բայց եթե դժգոհ լիներ ծառայությունից, ապա ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո չէր ցանկանա գնալ, որպես պայմանագրային զինվոր ծառայել»:
Ըստ փեսայի` Անդրանիկը այդ քայլին, միգուցե, գնացել է ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով. «Մայրը հոգեկան խնդիրներ ունի, պառկած վիճակում է, իսկ հայրն էլ օրեր առաջ ինսուլտ է ստացել, միգուցե այս ամենից սթրես է տարել, նեղվել ու գնացել է այդ քայլի՞ն, դեռ ոչինչ չգիտենք: Ախր, մի ամիս առաջ նոր մեքենա էր գնել, չգիտենք՝ ինչո՞ւ այսպես վարվեց»:
Մեր զրուցակցի խոսքով` Անդրանիկի ծառայակից ընկերներն ասել են, որ նա նյարդերի հետ կապված խնդիրներ ուներ. «Ինձ ասել են, որ դիրքերից իջնում էր բուժկետ, ներվերը հանգստացնում, էլի բարձրանում էր դիրքեր: Դեպքից մեկ օր առաջ կնոջս հետ է խոսել, ամեն ինչ կարգին է եղել: Նույնիսկ կինս էլ խոսելու բան չի ունեցել, բայց Անդրանիկը չի ցանկացել անջատել հեռախոսը եւ շատ է ցանկացել քրոջ հետ երկար խոսել: Ու ամեն անգամ հարցրել է ընտանիքից, հոր ու մոր առողջությունից»:
Արմեն Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ հրապարակում են ադրբեջանական կայքերը, սուտ է. «Իբր նրա ծառայակից տղաներից մեկը եւս նրա հետ ցանկացել է լքել պոստը: Չկա նման բան, ձեզ ավելին ասեմ՝ Մկրտչյան ազգանունով զինվոր այնտեղ չի էլ եղել: Ավելին, ոչ մի ծառայակից ընկեր չի պատրաստվել նրա հետ խախտել սահմանը: Այն, ինչ Ադրբեջանը ցույց է տալիս, շոու է»: Անդրանիկի ընտանիքի անդամները հույս ունեն, որ գոնե Կարմիր խաչը մի քայլ կձեռնարկի, եւ տղային կկարողանան շուտ վերադարձնել հայրենիք:
Այն, որ պայմանագրային զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են եղել, հաստատում են նաեւ նրա հարազատները եւ ծառայակից ընկերները: Ուստի` այս հանգամանքը աչքաթող անելը եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն: Հուսանք, որ ԼՂՀ ՊԲ-ն կուսումնասիրի այս հանգամանքը, եւ եթե ապացուցվի զինվորի առողջական խնդիր ունենալու փաստը, ապա, ըստ էության, դասալքությունից բացի՝ գործ կունենանք նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված այլ գործի հետ: Ասել է թե՝ իրավապահներն այս անգամ պատասխանատվության պետք է կանչեն այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:
Նշենք, որ առայժմ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից): Կատարվում է նախաքննություն:
Հանկարծամահ զինվորի հետքերով
Նկատենք, որ սա մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ում արձանագրված միակ առեղծվածային դեպքը չէր: Նույնը օրը՝ ժամը 17:25-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասում հանկարծամահ էր եղել ժամկետային զինծառայող Հայկ Մարգարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանկարծամահ եղած զինվորի քեռին` Արթուրն ասաց, որ Հայկը որեւէ առողջական խնդիր չի ունեցել. «Մեր ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում: Ախր 15, 16 տարի լող է պարապել, ֆիզկուլտ ինստիտուտի լողի բաժինը գերազանց ավարտել է, էլ ո՞նց կարող էր այսքան լավ մարզավիճակի տղեն առողջական խնդիր ունենալ, բացարձակ չուներ»:
Ըստ զինվորի քեռու` դեպքի առավոտյան ինքը զրուցել է Հայկի հետ: «Ամեն ինչ կարգին էր, գոհ էր իր ծառայությունից, շատ գոհ էր, բացարձակ խնդիր չի ունեցել ծառայության կամ ծառայակիցների հետ: Չգիտեմ՝ այս ինչ եղավ, ինչի եղավ, մենք էլ ենք ուզում իմանանք»,-լացակումած պատմեց Հայկի քեռին` Արթուրը: Նրա խոսքով` Հայկին 81 օր էր մնացել՝ ավարտեր ծառայությունը. «Մի եղբայր ուներ, բանակը ծառայել, եկել էր, ու սպասում էինք Հայկին, ախր ինչո՞ւ»:
Պարզեցինք, որ Հայկը Աջափնյակ վարչական շրջանի Մաշտոցի զինկոմիսարիատից է զորակոչվել բանակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանն ասաց, որ լսելով կատարվածի մասին՝ շատ արագ սկսել են ուսումնասիրել զինվորի՝ մինչև բանակ զորակոչվելն ունեցած առողջական բոլոր փաստաթղթերը. «Երեկ գիշեր մանրակրկիտ ուսումնասիրել ենք, առողջության հետ բացարձակ որևէ խնդիր չի ունեցել: Մեկ անգամ ուղարկել ենք «Արմենիա» բժշկական կենտրոն՝ ուրոլոգիական խնդրի հետ կապված, իսկ ավելի ուշ միանգամայն առողջ ուղարկել ենք բանակ: Այնտեղի մասնագետների հետ եմ խոսել, տղայի կրծքավանդակից վերեւ, որ ընկել է, կապտել է: Իսկ այդ նշանները, ըստ նախնական վարկածի, խոսում են այն մասին, որ ինֆարկտ է ստացել: Սակայն սա նախնական վարկածն է, դատաբժշկական փորձաքննությունը նոր կպարզի, թե իրականում ինչ է եղել: Մեզ համար էլ է զարմանալի՝ ինչո՞ւ մարզիչ տղան կարող էր առողջական խնդիր ունենալ, բայց սպասենք վերջնական արդյունքներին»:
Հավելենք, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քնար Մանուկյան