«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աուդիտի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի գործարքը կկայանա, թե ոչ: Առավել հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատիրոջ` Ռուսաստանի կողմից ուղարկված կառավարիչներն այդ ընկերությունից «քաշել-տարել» են այն ամենը, ինչը հնարավոր է:
Այսինքն՝ ՀԷՑ-ը ներկայումս ռուսների համար բեռ է դարձել, որովհետեւ «տանելու» բան չի մնացել, մինչդեռ անհրաժեշտ է «կառավարել»: Կասկածից վեր է, որ երբ Սամվել Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, ընկերության պարտքերն ինչ-որ կերպ կվերակազմակերպեն, սակայն հարցերի հարցն այն է, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Ինչպես կարող էր բացարձակ շահութաբեր ընկերությունը թաղվել պարտքերի մեջ: Մասնավորապես, այդպես էլ անհայտ է մնում, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլէներգիայի սակագինը բարձրացնելուց բացի՝ երբեւէ հետաքրքրվել է՝ ՀԷՑ-ում ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է ընկերությունը տարիներ շարունակ գիտակցված սնանկացման գնացել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: