ՍՊՈՐՏՈՒՄ՝ ՈՒԺԵՂ, ԿՅԱՆՔՈՒՄ՝ ԿԱՆԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի անունն իրենց նվաճած մեդալներով բարձր պահեցին ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը (արծաթե մեդալ), ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը (բրոնզե մեդալ) եւ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (բրոնզե մեդալ): “Ժողովուրդ” օրաթերթի զրուցակիցն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ Է:
-Հռիփսիմե՛ ջան, քո հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց բոլորիս: Ի՞նչ էիր զգում այդ պահին:
-Տպավորություններս անբացատրելի էին, ահավոր հուզված էի, նույնիսկ մեդալը ձեռքս՝ էլի չէի պատկերացնում, չէի հավատում: Ունեցել եմ բազմաթիվ նվաճումներ, բայց նման արդյունքի երբեք չէի հասել:
-Գիտե՞ս՝ այդ պահին ինչ էր կատարվում ,Ֆեյսբուքե սոցիալական ցանցում, գրեթե բոլոր օգտատերերը քո լուսանկարներն էին տարածում ու ջերմ խոսքեր գրում: 
-Արդեն պատկերացնում եմ, երբ ես էլ մտա, նամակներս այնքան շատ էին, որ չէի հասցնում պատասխանել շնորհավորանքներին: Շատ ուրախ եմ, որ հայ ազգը մեզ հետ էր ու նման վերաբերմունք է ցույց տալիս իր մարզիկներին: 
-Վերադառնալիս ո՞ւմ էիր ուզում տեսնել ամենից շատ:
-Բնականաբար նշանածիս՝ Տարոն Թովմասյանին, հետո ծնողներիս ու մարզչիս: Ծնողներիս էլ առաջինը հենց նշանածս է ասել, որ ես նվաճել եմ բրոնզե մեդալ:
-Ի՞նչ են տալիս այս հաղթանակները քեզ:
-Ես 15 տարի մարզվում եմ, դա իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Պատիվ, հարգանք եմ ձեռք բերել, հայ ազգի, ծնողներիս, ինչպես նաեւ իմ անունն եմ բարձր պահել:
-Անուն ու պատիվ ձեռք բերելուց բացի, էլ ի՞նչ են տալիս հաղթանակները, ֆինանսական կողմի մասին կասե՞ս:
-Ֆինանսական կողմ էլ կա, տարվա վերջում մարզիկներին պարգեւատրում են, ամեն մեկն իր արժանի պարգեւն է ստանում: Ճիշտն ասած, չգիտեմ՝ որքան եմ ստանալու, մինչեւ ձեռքս չլինի, չեմ իմանա: Դե մեքենաներ են նվիրում, բնակարան: Այս տարիների ընթացքում մի քանի մեքենա եմ նվեր ստացել պարոն Ծառուկյանից, մեր աշխատավարձն է բարձրացել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Եթե պարոն Ծառուկյանը չլիներ, ես օլիմպիական մեդալ չէի ունենա, նա է ֆինանսավորել իմ  վիրահատության համար: 
-Այս տարիների ընթացքում հուսահատության պահեր չե՞ն եղել:
-Շատ-շատ են եղել, անցած օլիմպիական խաղերին ես պետք է գնայի ոսկու հետեւից ու քանի որ դրանից առաջ վատ էի մասնակցել, գնացի, ուղղակի փոխարինեցի Մելինե Դալուզյանին, էլ չկարողացա պայքարել: Դրա համար հուսահատվել էի, մտածում էի` վերջ, էլ չեմ զբաղվի, բայց հետո ուժ գտա ու որոշեցի ապացուցել, թե ինչերի եմ ընդունակ:  
-Ես հենց նոր մտովի հաշվեցի, փաստորեն, 11 տարեկանից մարզվում ես:
-Այո՛, ու ասեմ, որ առաջին կին ծանրորդն եմ, որ Հայաստանում սկսել եմ զբաղվել, ինձնից հետո նոր սկսել են մնացած աղջիկներն էլ մոտենալ ծանրաձողին: Նաեւ միակ կին ծանրորդն եմ անկախ Հայաստանում, որն առաջինը նվաճել է օլիմպիական մեդալ: Վա՜յ, այնքան հպարտ եմ: 
Լավ, 11 տարեկան աղջիկն ինչո՞ւ հանկարծ որոշեց ծանրամարտով զբաղվել:
-Բոլորն այդ հարցը տալիս են, ինքս էլ պատասխանը չգիտեմ: Ես սպորտ սիրել եմ, գեներով եկել է: Երբ ասում են թույլ սեռ, էդպիսի բան գոյություն չունի, մենք ավելի ուժեղ ենք: Ի դեպ, երբ սկսեցի զբաղվել ծանրամարտով, ծնողներս դեմ էին, մայրս մինչեւ հիմա էլ ասում է` դո՛ւրս արի: Ես էլ նրան հանգստացնում եմ, ասում եմ՝ դե հեսա որ ամուսնանամ, մի փոքր դադար կտամ ու նորից կշարունակեմ: Մինչեւ օլիմպիական ոսկե մեդալը ես չբերեմ Հայաստան, չեմ դադարի: 
-Որքան գիտեմ, նշանածդ էլ է ծանրամարտիկ:
-Եղել է, այժմ մարզիչ է: Ինքը մրցումներին չի մասնակցում: Դե տանից մի հոգի կլինի (ծիծաղում է-խմբ.): Ինքն ինձ շատ լավ է հասկանում, աջակցում է, որ ես մարզվեմ: Ինձ նաեւ շատ է ոգեշնչում մարզիչս` Արման Ղազարյանը: 6 ամիս առաջ ես լուրջ վնասվածք էի ստացել ու վախենում էի, որ չկարողանամ հասցնել, նույնիսկ հարցրեցի մարզչիս՝ արդյոք կհասցնեմ օլիմպիական խաղերին: Ինքն էլ ինձ ոգեւորեց ու ասաց՝ դու ոչ միայն կհասցնես, այլեւ օլիմպիական մեդալով էլ կվերադառնաս: Այս ամենից հետո ասում էին` դու տղամարդ աղջիկ ես:
-Տարածված կարծիքի համաձայն՝ կինը պետք է թույլ լինի: 
-Սպորտում ես միշտ էլ կասեմ` ուժեղ եմ, բայց առօրյա կյանքում կինը միշտ էլ մնում է թույլ, նուրբ ու գեղեցիկ: 
Ունես մեքենա, տուն, հիմա էլ արդեն՝ օլիմպիական մեդալ: Մեծ օժիտ է, իսկ ամուսնությանդ ե՞րբ սպասենք:
-Հոկտեմբերին պատրաստվում ենք ամուսնանալ, բնակարանն էլ իմ ու իմ նշանածի ուզած ձեւով կվերանորոգենք ու կտեղափոխվենք առանձին ապրելու: 
-Որտե՞ղ, Երեւանո՞ւմ:
-Դեռ մեզ մոտ` Քասախում, նշանածս էլ այստեղից է, մանկուց միասին ենք մեծացել, զբաղվել սպորտով: 
-Մտածե՞լ ես՝ ինչ ես անելու մարզական կարիերայիդ ավարտից հետո:
-Ա՛յ որ օլիմպիական ոսկին ունենամ, կմտածեմ: Խոնարհվում եմ մարզիչների առաջ, բայց այդ գործը չեմ կարող անել, երեւի բիզնեսով կզբաղվեմ: Այս պահին որպես սպորտսմեն միայն մի ցանկություն ունեմ՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, իսկ որպես աղջիկ` լինեմ կանացի ու սիրված բոլորի կողմից, հատկապես նշանածիս:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս