Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում անցկացվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգստի արարողությունը: Արտիստին վերջին հրաժեշտը տալու էին եկել դերասաններ, մշակույթի գործիչներ, թատերական աշխարհի ներկայացուցչներ, ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մի առիթով Կարեն Ջանիբեկյանն ասել էր, որ հոբելյանական թիվ չի սիրում, Աստծո հետ պայմանավորվել էր, որ 89 տարի պետք է ապրեր… Աստծո հետ պայմանավորվածությունից զատ` նա լուռ համաձայնություն ուներ իր հանդիսատեսի հետ` չմոռացվել: Եվ երբ մարտի 22-ին տարածվեց դերասանի` երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռանալու մասին գույժը, դժվար էր հավատալ, որ Կարեն Ջանիբեկյանն այլեւս մեզ հետ չէ:
Նրա որդին` դերասան Սոս Ջանիբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել: Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»-դ… Բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան»:
Կարեն Ջանիբեկյանի բացակայությունը հայ կինոյում եւ թատրոնում դեռ իրեն զգացնել կտա, սակայն ներկայությունը պետք է որ ավելի զորեղ գտնվի: Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը, թեեւ նրա հետ քիչ թվով ֆիլմերի շրջանակներում է աշխատել, այն կարծիքին է, որ Ջանիբեկյանը կարող էր ավելի բազմազան դերերով հանդես գալ.
«Հետաքրքիր, կոլորիտային դերասան էր, ավելի քիչ գնահատված, քան արժանի էր: Հայ ռեժիսորները մի վատ սովորություն ունեն՝ կենտրոնանում են մեկ-երկու տաղանդավոր դերասանների վրա միայն: Կարենն իր տաղանդով շատ ավելին կարող էր անել, քան մենք պատկերացնում ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նա:
Օպերատորը նշեց, որ թեեւ Ջանիբեկյանը էմոցիոնալ, պոռթկուն բնավորություն ուներ, նա կյանքում չէր խաղում, դերասան չէր. ինչ կար` կար. «Կարենը մաքուր մարդ էր: Դրա լավագույն վկայությունը նրա շունն էր, տարիներ շարունակ իրեն հավատարիմ կենդանուն ոնց էր պահում, սիրում, գուրգուրում…»,-հիշեց նա:
Բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ այն համոզման է, որ լավ դերասան լինելու համար պետք է տեսակ ունենալ, իսկ Ջանիբեկյանն ուներ իր հազվագյուտ տեսակը: Հայտնի է, որ ռեժիսորը հաճախ է նմանակել Ջանիբեկյանին, իսկ վերջինս էլ հումորով էր վերաբերվում դրան. «Մի օր ինձ տեսավ, ասաց` արա, դու գիտե՞ս, որ իմ միջոցով դառար պոպուլյար…Մի առիթով էլ Հալեպում ներկայացում արեցինք, հետո մարդիկ տեսան, բարեւեցին, հենց Ջանիբեկյանը բարեւեց, բոլորը սկսեցին ծիծաղել, նայեց ինձ, ասաց` արա, ստեղ էլ ես ինձ ռեկլամ արե՞լ, ա՛յ գանդեւոզ: Մեկ-մեկ էլ, որ իրեն նմանակում էի, ասում էր` ա՛յ մարդ, ես էդպիսի բաներ չեմ ասել…»,-մեզ հետ զրույցում ժպիտով հիշեց բեմադրիչը:
Նա շեշտեց, որ Ջանիբեկյանն իսկական քաղաքացի էր. «Երեւանցիներին այսօր մատների վրա կարելի է հաշվել, մնացածը «գեղերից» են եկել, եւ էդ «գեղը» երեւում է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Նա հենց երեւանցի էր, իսկական երեւանցի»,-ընդգծեց Ն.Ծատուրյանը:
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն էլ, որ Ջանիբեկյանի հետ խաղացել է մի քանի ֆիլմերում, այսօրվա պես հիշում է իրենց ամենահայտնի համագործակցությունը` «Աշնան արեւ» ֆիլմի շրջանակում (1977թ.): Ինքն Աղունն էր, Ջանիբեկյանը` Սիմոնը. «Նա ինձ համար շատ լավ խաղընկեր էր: Կարենն, իսկապես, շատ օժտված մարդ էր, կերպարն ուժգին զգում էր, իր ամեն կերպար առանձնահատուկ բնավորություն ուներ…»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դերասանուհին:
Նրա խոսքով՝ Կարեն Ջանիբեկյանը նաեւ մի քիչ «գիժ էր», խենթ, որոշ տարօրինակություններ ուներ, որոնք, սակայն, ընդգծում էին իր անհատականությունը:
Այդ խենթության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաեւ դերասան Աշոտ Ադամյանը. «Խենթ ու անկանխատեսելի: Ինքնատիպ, ինչը չափազանց կարեւոր է: Անհագ` կյանքի ու արվեստի նկատմամբ: Անհարմար` հարմար մարդկանց համար: Ցավում եմ, որ այլեւս չես քայլելու քաղաքով»:
Երբ էլ հիշենք Կարեն Ջանիբեկյանին, ինչ էլ ասելու լինենք նրա մասին, դա պետք է անենք այն նույն զվարթությամբ, որով լցված էր ինքը` դերասանը: Եվ ինչպես դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է նկատել ֆեյսբուքյան իր էջում՝ «Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով եւ խաղաղությամբ: Նա լիարժեք մարդ էր եւ տիրապետում էր արվեստներից մեծագույնին` ապրելու արվեստին…»:
Աննա Բաբաջանյան