Բլիթո՞վ էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, թե՞ ճիպոտով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ուշագրավ օրինաչափությամբ ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակումներ է իրականացնում, որոնց արդյունքում կողմերը ունենում են մեծաթիվ զոհեր, հաջորդող օրերին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում մեր երկրի անվտանգության ապահովման երաշխավորը համարվող այս կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այս անգամ եւս բացառություն չէր. հիշեցնենք, որ մարտի 19-ին ադրբեջանական հերթական լայնածավալ դիվերսիայի արդյունքում հայկական կողմն ունեցավ երեք զոհ, չորս ծանր վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը, ըստ տարբեր տվյալների` կորցրեց ավելի քան մեկ տասնյակ զինվոր:

Ինչ առաքելությամբ է Բորդյուժան ժամանել Հայաստան, արյունալի հերթական միջադեպից հետո ինչ հարցեր է նրա առջեւ բարձրացրել Ս. Սարգսյանը, եւ ամենակարեւորը` ինչու է լռում ՀԱՊԿ-ն, ինչու գոնե Ադրբեջանի անսանձ պահվածքը դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս: Այս բոլոր հարցերը, ցավոք, անպատասխան են, քանի որ քննարկվող խնդիրների ամբողջական շրջանակի մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ղեկավարությանը Ադրբեջանի պահվածքը դատապարտելու պահանջ առաջադրելուն, ապա բոլորս հիշում ենք, թե այս հարցի հետ կապված ինչ ասաց Սերժ Սարգսյանը անցած ամռանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա, հիշեցնենք, խորհուրդ տվեց լրագրողին հարցը բարձրացնել Բորդյուժայի առջեւ՝ այդպիսով, փաստորեն, իր համար այդ «ծանր բեռը» փորձելով դնել լրատվամիջոցների վրա:

Արդ, ուրեմն որն էր Բորդյուժայի եւ Սարգսյանի երեկվա քննարկման հիմնական թեման: Եթե հաշվի առնենք այն, որ մարտի 19-ի դիվերսիայից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ ձեւով իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, ապա Հայաստանին զենք մատակարարող հիմնական կազմակերպության` ՀԱՊԿ-ի ղեկավարի այցը, թերեւս, Սարգսյանի հենց այդ հայտարարության արձագանքն էր: Արդյոք Բորդյուժան Հայաստան էր ժամանել վերջին օրերին «եվրոպական օրակարգից» չկտրվող Սերժ Սարգսյանի «սիրտը շահելու» նպատակով արտոնյալ գներով զենքի հերթական խմբաքանակ առաջարկելու, թե ընդհակառակը` նրա եվրոպական վերաթարմացած նկրտումները զսպելու եւ Ռուսաստանին ուղղված հայտարարություններում ավելի զգույշ լինելու «դաշնակցային հորդորով», դժվար է ասել: Այդ մասին առավել հստակ դատողություններ հնարավոր կլինի անել որոշ ժամանակ անց` հետեւելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի դինամիկային:




Լրահոս