ՀՀ կառավարության նախորդ երեք ծրագրերը մշակվել են` հաշվի առնելով «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» դրույթները: Գործող ծրագրում, սակայն, այդ ռազմավարության մասին այլեւս խոսք չկա: Հավանաբար կառավարությունում համարել են, որ իրենք արդեն լուծել են Հայաստանում աղքատության հաղթահարման հարցը: Նկատենք, որ 2003թ.-ին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության ընդունած այդ ռազմավարությունը որոշ չափով այնուամենայնիվ կյանքի կոչվեց, քանի որ 2008թ.-ին հաջողվեց Հայաստանում աղքատության ցուցանիշը զգալիորեն նվազեցնել: Թե ինչ եղավ դրանից հետո, հայտնի է բոլորին: Ու չնայած ՀՀ ֆինանսների երիտասարդ փոխնախարար (ի դեպ, ինչ-որ վերջերս չափազանց երիտասարդ են մեր փոխնախարարները) Վարդան Արամյանն ամեն կերպ փորձում է համոզել, որ իրականում անցած հինգ տարիներին աղքատությունը մեր երկրում աճել է ոչ թե 12, այլ ընդամենը 5 տոկոսով` դա բացատրելով միայն իրեն հայտնի ինչ-որ հաշվարկման մեթոդաբանությամբ, այդուհանդերձ, ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ներքին խնդիրը համատարած աղքատությունն է: Սակայն քանի որ վերը նշված ռազմավարությունը «հորով-մորով» էինք արել, իսկ նույն ջուրն էլ դժվար է մտնել երկրորդ անգամ, հայրենի իշխանությունները որոշել են այս անգամ էլ ներդնել «աղքատության վերացման նոր համակարգ»: Երեկ ՀՀ սոցապ նախարարն ու ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը որոշել էին ներկայացնել այդ նոր բլեֆը` ՀՀ-ում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական ծրագիրը, որի նպատակը, ըստ Հակոբ Հակոբյանի, «ոչ թե օգնելն է մեղմացնել աղքատությունը, այլ քաղաքացուն օգնելը, որ ինքը կարողանա վերացնել իր իսկ աղքատությունը»: Եւ ահա այս նպատակի համար երկրի սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչությունները պատրաստվում են ներգրավել լուրջ ֆինանսական ռեսուրսներ: Ասել է թե` հերթական անգամ քամուն տալ դրսից ակնկալվող փողերը: Լավ, ի՞նչ է նշանակում` օգնել քաղաքացուն, որ նա կարողանա վերացնել իր աղքատությունը: Դրա համար բոլորովին էլ կարիք չկա ինչ-որ նոր համակարգեր ներդնել, ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծվում է շատ պարզ` աշխատատեղերի ստեղծման եղանակով: Բայց չէ, մերն ուրիշ է, եւ ըստ Հակոբ Հակոբյանի՝ պետք է այդ անհասկանալի ծրագրով «փորձեն գտնել պատճառը, թե ինչու է մարդն աղքատ, գտնել լուծումը եւ աղքատին դարձնել հարկատու»: Ա՛յ հարգարժան պարոն հանձնաժողովի նախագահ, ո՞վ չգիտի, թե ինչու են Հայաստանում մարդիկ աղքատ, եթե լուծում ունեք` մի՛ բան արեք, երկրի ծակ բյուջեն լցրե՛ք, եւ ոչ թե ձեռքներդ երկարացրեք` հերթական վարկը խնդրելու ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դրանով էլ ավելի աղքատացնելու: Կամ թե` ի՞նչ ասել է` աղքատներին դարձնենք հարկատու: Եթե կարող եք, նախ` հարուստների՛ն դարձրեք հարկատու, դրանից հետո` էլ ձեր ոչ մի ծրագրի կամ ռազմավարության կարիքը չի լինի:
ՁԵՌԱՌՆՈՑԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ