Առաջիկայում սահմանին լարվածությունը գնալով ավելի ու ավելի է աճելու, Ադրբեջանի կողմից խոշորածավալ սադրանքներ են լինելու, սակայն լայնածավալ պատերազմ չի սկսվելու: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
«Սադրանքները լինելու են ոչ թե մեկ, երկու, այլ` բոլոր կողմերից: Հնարավոր է՝ սահմանի ապօրինի հատման դեպքեր գրանցվեն, տարբեր ուղղություններից դիվերսիոն գործողություններ ձեռնարկվեն: Եթե պատերազմ լինի, երկու կողմերից էլ մեծաթիվ զոհեր կգրանցվեն, սակայն նաև ակնհայտ է, որ Ադրբեջանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն»,- նշեց նա:
Անդրադառնալով երեկ ադրբեջանցիների կողմից համացանցում տարածած տեսանյութին, որում ցուցադրվում էր սահմանը հատած հայ զինծառայողը, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ յուրաքանչյուր գերի ընկած զինվոր էլ նույն կերպ կխոսեր, այն է՝ կքննադատեր իր երկրի իշխանություններին: «Ես հավատում եմ մեր ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ հնարավոր չէ նման դեպքերի մասին սուտ տեղեկատվություն տարածել: Սուտը մի օր, միևնույն է, բացահայտվելու է:
Միաժամանակ, պետք է նշել, որ սահմանը հատող անձինք հիմնականում հոգեկան խնդիրներ են ունենում»,- հավելեց նա: