Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը չի հանգեցնի պատերազմի վերսկսման:
-Պարո՛ն Մեհրաբյան, Ռ. Սաֆարովի արտահանձնումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե Հունգարիան իրենց տեղյակ չի պահել, որ նման քայլի է դիմելու: Այսինքն` Հունգարիան խաբել է Հայաստանին, Դուք որքանո՞վ եք արժանահավատ համարում ՀՀ ԱԳՆ-ի նման հայտարարությունը:
-Ես դա համարում եմ անպատասխանատու ու մանկամիտ հայտարարություն, ի վերջո, միայն ԱԳՆ-ն չէր, այլ ընդհանրապես պետության պատկան մարմինները պետությանը վերաբերող հարցերին պետք է անպայման տեղյակ լինեին: Իսկ եթե տեղյակ չեն, ուրեմն նշանակում է՝ իրենք իրենց տեղում չեն: Դա լուրջ հայտարարություն համարել չեմ կարող, եւ դա դատապարտելի է:
-Ըստ Ձեզ, եթե Հայաստանը միջազգային հեղինակություն ունենար, արդյո՞ք նման որոշում կկայացվեր թե՛ Հունգարիայի, թե՛ Ադրբեջանի կողմից:
-Դուք ասում եք պայմաններից միայն մեկը: Այո՛, նման բան տեղի չէր ունենա, եթե Հայաստանը միջազգային հեղինակություն ունենար, որի հետ կապված, ցավոք սրտի, մենք այսօր ունենք լուրջ խնդիր: Բայց ասում եմ, որ դա միակ պատճառը չէ, որ նման բան տեղի ունեցավ, դա ընդամենն այդ ամենի պատճառներից մեկն է: Դրա հետեւում շատ խնդիրներ են առկա, որի պատճառով էլ տեղի ունեցավ այն, ինչը եղավ:
-Այս օրերի ընթացքում անընդմեջ լսեցինք քննադատություններ եւ դատապարտումներ տարբեր քաղաքական գործիչների կողմից, ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրվեց, որի ժամանակ պատգամավորները դատապարտեցին Հունգարիայի արարքը: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն էլ օրեր շարունակ հայտարարում է, որ «մենք չենք ներելու»: Ի վերջո, այդ հայտարարություններն արդյունք տալո՞ւ են:
-Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ նկատի ունի, չեմ կարող ասել, թե չներել ասվածը ինչ է ենթադրում, որովհետեւ ես կարծում եմ, որ այստեղ առաջնահերթը պետք է լինի այլ բան: Ի՞նչ է, պետք է գնալ ինչ-որ Ռամիլ Սաֆարովի հետեւից՝ տաքգլուխ հայտարարություններ անելով, ո՛չ, պետք է այդ հարցին քաղաքական մոտեցումներ ցուցաբերել: Փաստորեն, այդ քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պարզապես բացառում է որեւէ ձեւով Լեռնային Ղարաբաղի եւ այնտեղի հայ ազգաբնակչության ներառումը Ադրբեջանի կազմում: Այն, ինչի վրա կառուցված էր ադրբեջանական դիվանագիտությունը` ուզում էին Հայաստանին եւ դիվանագետներին համոզել՝ իբր դա հնարավոր է, չեղավ: Այս քայլով իրենք ապացուցեցին, որ դա պրակտիկորեն անիրագործելի է: Իսկ որ ասում են` չենք ների, չենք ների, ի՞նչ պետք է անեն, պետք է գնան, մի հատ էլ Սաֆարովի՞ն կացինով խփեն, թե՞ Ալիեւին: Ես դրա մեկնաբանությունը չունեմ:
-Իսկ այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ հարցի վրա:
-Ուղղակիորեն այս ամենը կապված է ԼՂՀ հարցի հետ, կարելի է ասել՝ այն դարձել է ԼՂՀ հարցի բաղկացուցիչ մասը: Կարելի է եզրակացնել, թե ինչ մոտեցումներ ունեն կողմերն այդ քայլից հետո: Այս հարցը շատ բնորոշիչ կողմեր ունի՝ չնայած հայտարարում են, որ դա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ: Համենայնդեպս, կողմերի դիրքորոշումներն ավելի կխստանան:
-«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս քայլից հետո պատերազմը վերսկսելու հավանականությունը մեծ է: Ըստ Ձեզ՝ հավանակա՞ն է, որ Ադրբեջանը պատերազմ սկսի:
-Չեմ կարծում, որ պատերազմ կլինի, որովհետեւ դա միակ հարցն է, որ միջազգային հանրությունը միակարծիք է, որ նման բանը պարզապես բացառվում է: Այդ ամենի մասին հայտարարեց թե՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, թե՛ տարբեր երկրների ղեկավարներ, ընդ որում ավելի կատեգորիկ կերպով: Չեմ կարծում, որ, կոպիտ ասած, Ադրբեջանն իր գլխից ձեռք է քաշել:
ՍԱՖԱՐՈՎԻ՞Ն ԿԱՑՆՈՎ ԽՓԵՆ, ԹԵ՞ ԱԼԻԵՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ