ՀՀ գլխավոր դատախազության մոտ վերսկսվել են ուրբաթօրյա բողոքի ակցիաները: Սա այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին եւ Հովհաննես Քիրամիջյանին դատապարտեցին ազատազրկման:
Երեկվա ակցիայի ժամանակ դատախազության շենքի մոտ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որի ելույթն ավելի շատ նվիրված էր վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը թեեւ կոշտ հակասության մեջ է իշխանությունների հետ, սակայն, որպես պետական մտածողություն կրող ուժ, նպատակահարմար է գտել միանալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող ԱԺ հայտարարությանը: Զուրաբյանի խոսքերով, եթե իշխանությունները գոնե մի քիչ օժտված լինեին պետական մտածողությամբ, ապա կհասկանային, որ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդումը ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ ակտիվիստների նկատմամբ:
«Այդ հայտարարությունն ուներ բազմաթիվ թերություններ, բայց մենք, լինելով անհաշտ ընդդիմություն այս երկրում, ազգային եւ պետական շահերը վեր դնելով ամեն ինչից, միացանք այդ ակցիային: Որովհետեւ մենք, անկախ նրանից՝ իշխանության մեջ ենք եղել, անկախ նրանից, որ քանի տարի է՝ պայքարում ենք որպես ընդդիմադիր ուժ, մենք պետական մտածողություն կրող ուժ ենք: Արդյոք նույն բանը կարելի է ասել այսօրվա իշխանությունների մասին: Եթե այսօրվա իշխանություններն ունենային պետական մտածողության գոնե մի փոքր մասնիկ, նրանք կհասկանային, որ հենց հանուն արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր ազգի հզորության, հանուն ազգի համախմբվածության, նրանք պետք է դադարեցնեին քաղաքական հետապնդումը ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Եւ այսօր, եթե նրանք պետական մտածողություն ունեցող իշխանություն լինեին, ուրեմն առաջին քայլը, որ պետք է աներ Սերժ Սարգսյանը, անմիջապես կազատեր Տիգրան Առաքելյանին»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ փորձը ցույց է տվել՝ իշխանություններից պետական մտածողություն սպասելն ավելորդ է, եւ այդ պատճառով իրենց մնում է միայն շարունակել համառ պայքարն իրենց ընկերների ու երիտասարդների ազատության համար:
Կոնգրեսի ակտիվիստներից Արեգ Գեւորգյանն էլ ներկայացրել է իրենց պահանջները՝ արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին, ազատ արձակել այժմ կալանքի տակ պահվող Տիգրան Առաքելյանին ու պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված պաշտոնյաներին, ոստիկաններին:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ