ԱԺ նիստում այսօր քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը: Հարցով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանության ճանաչման միջազգային օր: Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին:
«Հավանաբար, տեղյակ եք, թե ինչու է ապրիլի 24-ը համարվել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Հայոց» բառը հատուկ չի շեշտվել` նկատի առնելով, որ ցեղասպանություն ապրած այլ ժողովուրդները կարողանան այդ օրը հայերի հետ միասին հիշել այդ օրը: Այս փոփոխությամբ ստացվում է, որ մենք հատուկ շեշտում ենք, որ ապրիլի 24-ը միայն հայերին էր վերաբերում, որքանո՞վ է դա նպատակահարմար: Երկրորդ հարցը՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը նշանակում է, որ մեր հայկական տոնացույցում ունենում ենք անընդհատ զոհերի մասին վկայություն: Այլ կերպ ասած` ճիշտ չի՞ լինի, որ դեկտեմբերի 9-ը հռչակվի Ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային օր»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Ի պատասխան` Արտակ Զաքարյանը նշեց. «Քանի որ մեր հիշատակի օրացույցում չունենք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր, բնականաբար, դեկտեմբերի 9-ը մեզ հնարավորություն կտա հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու այդ բոլոր ժողովուրդներին»,- նշեց Արտակ Զաքարյանը: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Դրանով վնաս ենք հասցնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պետք է տրամաբանության շրջանակներում գործենք»: Արտակ Զաքարյանն էլ պատասխանեց. «Տրամաբանության շրջանակներում է, չէի ցանկանա, որ դուք մտածեք, թե մենք ձեր առաջարկը մերժում ենք, կաշխատենք միասին, կլավացնենք օրենքը»: