Օգոստոսի 20-ին Պյատիգորսկի 40-ամյա բնակիչ Վլադիմիր Համբարձումովի նկատմամբ երրորդ քրեական գործն է հարուցվել: 9-ամյա Աննա Պրոկոպեւայի աղմկահարույց սպանության եւ 18-ամյա մի աղջկա բռնաբարության հետ միասին նրան կասկածում են նաեւ 12-ամյա աղջնակի վրա հարձակման մեջ՝ կատարված 2004-ին: Թաղային տեսուչ Սերգեյ Պուտրյայի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել պաշտոնական անփութության փաստով, քանի որ նա չի հետաքրքրվել իր ծառայության տարածքում բնակություն հաստատած Համբարձումովի անձով եւ չի առել հսկողության տակ նույնիսկ նրա զոհերից մեկի հաղորդումից հետո:
Մերձավորների կարծիքով՝ Վլ. Համբարձումովը հանցագործ է դարձել 1994թ-ից, երբ ծնվել ու միանգամից մահացել է նրա դուստրը: Տղամարդն ինքնամփոփ է դարձել, սկսել է կատաղության նոպաներ ունենալ, ախտորոշել են շիզոֆրենիայի սկզբնական փուլ: Շուտով զույգն ամուսնալուծվել է: Սեքսուալ բնույթի առաջին հանցագործությունը Համբարձումովը կատարել է 2004թ-ին: Այն ժամանակ Պյատիգորսկի բնակարաններից մեկում վթարվել է ջրի խողովակը: Տանտիրուհին վազել է սանտեխնիկ փնտրելու, իսկ 12-ամյա դստերը հանձնարարել է հետեւել տանը. ասել է՝ եթե հանկարծ ջուրը շատ լցվի տուն, կվազես փողոց եւ օգնություն կխնդրես անցորդներից: Աղջիկը այդ խորհրդով դուրս է վազել շքամուտքից եւ կրպակում տեսել Համբարձումովին: Սակայն նա օգնելու փոխարեն սկսել է անհանգստացնել աղջկան: Վերջինս վազել է տուն եւ հետեւից փակել դուռը: Համբարձումովը փորձել է դուռը բացել եւ ներս խուժել: Նրան գրեթե հաջողվել է մտնել բնակարան, սակայն աղջիկն այնպես բարձր է բղավել, որ Համբարձումովը փախել է: Տուժողի ծնողները դիմել են իրավապահներին, սակայն քրգործ չի հարուցվել ապացույցների բացակայության պատճառով. աղջկա մարմնի վրա ոչ մի վնասվածք չի եղել, նույնիսկ հագուստները պատռված չեն եղել:
Համբարձումովը սկսել է պարբերաբար կարճաժամկետ դատապարտվել այլ հանցանքների համար:
2012թ. բանտից ազատվելուց հետո բնակություն է հաստատում Պյատիգորսկում գտնվող մոր բնակարանում, որտեղ ապրում է նաեւ Համբարձումովի քույրը 2 երեխաների հետ: Հունիսի 30-ին Համբարձումովի ազգական Ռոմանը համացանցի միջոցով ծանոթանում է Անաստասյա Կարպուշենկովա անունով 18-ամյա մի աղջկա հետ: Համբարձումովը սկսում է միանգամից պնդել, որ նա իրենց հյուր գա: Հուլիսի 3-ին Կարպուշենկովան գալիս է: Քեռին ազգականի եւ հյուրի հետ միասին թմրամիջոց է օգտագործում, որից հետո աղջիկը կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով՝ տեսնում է, որ Վլադիմիրն իրեն բռնաբարում է: Աղջիկը սկսում է դիմադրել, այդ ժամանակ տղամարդը մի քանի անգամ հարվածում է նրա դեմքին: Աղջիկը դադարում է դիմադրել՝ խուսափելով վատ հետեւանքներից: Երեկոյից հետո Կարպուշենկովան գնում է տուն, սակայն ճանապարհին կորցնում է գիտակցությունը: Անցորդները նրա համար շտապօգնություն են կանչում: Նա բժիշկներին պատմում է բռնաբարության մասին, սակայն հրաժարվում է հաղորդում տալ հանցագործության մասին: Ավելի ուշ համաձայնում է եւ գնում դատաբժշկական փորձաքննության: Ոստիկանները հույս են ունենում, որ աղջկա մարմնի վրա բռնության որեւէ հետք կհայտնաբերվի, սակայն ապարդյուն: Հարցաքննության են կանչվում Ռոման եւ Վլ. Համբարձումովները, որոնք չեն ժխտում Կարպուշենկովայի հետ հանդիպումը, սակայն ժխտում են բռնաբարության փաստը: Ձերբակալման հիմք չի լինում:
Եւ մինչ քրգործ հարուցելու վեճը ձգձգվում է, Համբարձումովը որոշում է աշխատանքի տեղավորվել շինարարական կազմակերպությունում: Նախաքննության վարկածով՝ հուլիսի 23-ին, երբ նա գնում է հարցազրույցի, ճանապարհին տեսնում է բակում խաղացող երեխաների: Նրանցից մեկը՝ 9-ամյա Աննա Պրոկոպեւան, առանձնացած է լինում երեխաների ընդհանուր խմբից: Համբարձումովը որոշում է ծանոթանալ նրա հետ եւ առաջարկում է աշխատել որպես շպարի պարագաներ իրացնող եւ հրավիրում գրասենյակ: Անյան համաձայնում է, սակայն ճանապարհին սկսում է ինչ-որ բան կասկածել: Նկատելով, որ աղջիկն ուր որ է կփախչի կամ կգրավի մոտակայքում գտնվողների ուշադրությունը, Համբարձումովը նրան քարշ է տալիս թփերի մեջ, բռնաբարում եւ խեղդամահ անելուց հետո դիակը թողնում անտառի խորքում: Նա համոզված է լինում, որ հանցագործության նույնիսկ կենսաբանական հետքեր չի թողել, սակայն հուլիսի 25-ին հայտնաբերված Անյայի հագուստի վրա գտնվում է փորձաքննության նմուշ, որով ԴՆԹ-ի փորձաքննության են ենթարկում Պյատիգորսկի՝ նախկինում դատապարտված 200 բնակիչների, որոնք հուլիսի 23-ին տեսականորեն կարող էին լինել հանցագործության վայրում: Համբարձումովը եւս անալիզ է հանձնում՝ կարծելով, թե չեն գտնելու իրեն՝ հանցագործի գենետիկական նյութի նմուշ չունենալու պատճառով:
Սակայն օգոստոսի 1-ին ձերբակալում են Համբարձումովին, որը խոստովանում է, թե ինչպես է բռնաբարել ու սպանել աղջկան: 16 օր անց հարձակման է ենթարկվում Համբարձումովի ընտանիքը: Անհայտ անձինք պայթուցիկ՝ «մոլոտովյան կոկտեյլ» են նետում նրանց տան վրա: Այժմ իրավապահ մարմինները միջոցառումներ են ձեռնարկում այդ ընտանիքի եւ Համբարձումովի անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի մեկուսարանում չսպանեն նրան. ուզում են տեղավորել առանձին խցում, որպեսզի հնարավոր լինի գործը հասցնել դատարան: Կասկածյալը Պրոկոպեւայի մասով է հանցանքն ընդունել, իսկ մյուս երկուսի մասով դանդաղում է: Այդ ընթացքում նա երկու անգամ փորձել է իրավապահների հետ գործարքի գնալ՝ օգնել նախաքննությանը մեղմ պատիժ ստանալու ակնկալիքով, սակայն իրավապահները մերժել են:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ