Զարմանում եմ երեկ իրեն ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժի պահվածքից. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց, որ  բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի:

Նշենք, որ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է  ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին:

Նշենք, որ մի քանի պատգամավորներ, այդ թվում` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեմ էին արտահայտվել բյուջետային գրասենյակ ստեղծելու մտքին: Վերջինս նույնիսկ  նշել էր, որ անհասկանալի է` ինչ է այս հանձնաժողովը, և հարցադրում էր արել` լոբի ուտողների միությո՞ւն է, թե՞ գարեջրի կողմնակիցների:

Արծվիկ Մինասյանն իր ելույթում արձագանքեց բյուջետային գրասենյակին դեմ խոսող բոլոր պատգամավորներին: Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի փաստարկներին` Մինասյանը հակադարձեց, ասելով, որ հենց Սահմանադրությունն է վերապահում ԱԺ-ին վերահսկողական լիազորություններ բյուջեի նկատմամբ: Նրա խոսքով՝ բյուջետային գրասենյակը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱԺ-ում գործող փորձագետների խումբ:

«Ասում եք՝ Սահմանադությունը նախատեսո՞ւմ է այն, հարցնում եմ, Սահմանադրությունը նախատեսո՞ւմ է ձեր՝ վճարովի օգնականներ ունենալու ինստիտուտը: Իհարկե ոչ, նախատեսված չէ, բայց քանի որ պատգամավորի վրա դրված են լիազորություններ, դրանք իրականացնելու համար օրենքը նախատեսում է օգնականի ինստիտուտը, որը հաստիքով մտնում է ԱԺ աշխատակազմի մեջ», – նշեց նա:

«Այս կառույցի հիմնական նպատակը պատգամավորներին լիարժեք բյուջետային տեղեկատվություն տրամադրելն է, ու այդ մարմինն ավելի շատ օժանդակելու է ընդդիմությանը: Հիմա ես զարմանում եմ երեկ իրեն ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժի պահվածքն այս հարցում: Ուղղակի զարմանում եմ, քանի որ այն օգնելու է քաղաքական ընդդիմությանը», – հավելեց պատգամավորը:

Մինասյանը պարզաբանեց, որ  բյուջետային գրասենյակը հավաքում է բյուջեի մասին տեղեկատվություն, տրամադրում խորհրդարանին, որպեսզի պատգամավորները ամբիոնի մոտ ելույթ ունենալիս տեղեկացված չլինեն, իսկ կառավարությունն էլ չօգտվի պատգամավորների անտեղյակությունից ու «ֆռռացնի պատգամավորին»: «Սա դեմ է կառավարությանը, եթե ուզում եք ճիշտն իմանալ, որովհետև պարտադրում է կառավարությանը թափանցիկ աշխատել ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել: Հիմա, փոխանակ մեծամասնությունը առարկի, ոչ մեծամասնություն է առարկում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:




Լրահոս