Փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, թե այդ իրադարձություններից հետո բոլորը մի պահ կանգ առնելու և հետագա գործունեության շուրջ մտորելու կարիք ունեցան: Նշենք, որ փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննադատության էր ենթարկել ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որից հետո վերջինս ոչ միայն չեղյալ համարեց նախատեսված հանրահավաքը, այլև քաղաքականությունից հեռանալու հայտարարություն արեց:
Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեց, իսկ հանրությունը հայտնվեց ապատիայի մեջ:
«Ես այսօր հարցադրմամբ եմ ես այստեղ: Փետրվարյան քաղաքական ճգնաժամից հետո գործազրկությունը նվազե՞ց, արտագաղթը նվազե՞ց, արդյոք բառադիությունը վերացա՞վ պետական կառավարման մեջ: Վստահ եմ, որ ոչ: Այս պահից սկսած` խնդիր ունենք վերաիմաստավորվելու մի ուղղությամբ», – նշեց նա:
Ապա պատգամավորը շարունակեց. «Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել հանրապետությանը, որովհետև բառադիությունը պետական համակարգում իշխող է դարձել: Իրավունք չունենք աչք փակելու նման դրսևորումների վրա: 21-րդ դարում կարող է վայր ընկել վերելակը ու զոհվել երիտասարդ անձնավորություն», – նշեց նա, հավելելով, թե այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինչ-որ մեկը գումարներն իրեն է վերցնում և չի կատարում իր պարտականությունները: