ՎՏԲ բանկի Արթիկի մասնաճյուղում կեղծ գործարքնե՞ր են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին լուրեր հասան, որ VTB Հայաստան բանկի Արթիկի մասնաճյուղում աշխատակիցներից մեկի կողմից կատարվել են ինչ-որ կասկածելի գործարքներ: Ըստ քաղաքում պտտվող լուրերի` բանկի ֆինանսական բաժնի աշխատակից Կարեն Մեհրաբյանը հաճախորդների գրավադրած ոսկյա զարդերով փորձել է կրկնակի գործարք կատարել: Քաղաքացիների շրջանում անհանգստություն է առաջացել պայմանավորված այն հանգամանքով, որ իրենց ոսկյա զարդերը կարող են կորցնել: Շրջանառվող լուրերի համաձայն, բանկն իր աշխատակցին ժամանակ է տրամադրել, որպեսզի կասկածելի գործարքների արդյունքում ստացած գումարը վերադարձնի բանկին:

Կ. Մեհրաբյանն էլ իրեն և իր հարազատներին պատկանող անշարժ գույքը գրավադրել է, որպեսզի իրեն տրված ժամանակահատվածում կարողանա վերադարձնել գումարը: Քաղաքում պտտվող մեկ այլ վարկածի համաձայն` Կարեն Մեհրաբյանն իր քրոջից` Զինա Մեհրաբյանից ոսկու փոխարեն հասարակ զարդեր է գրավադրել բանկում և գումար վերցրել: Նշենք, որ Մեհրաբյանի քույրը քաղաքում անգլերենի հայտնի ուսուցչուհի է:

Վերը նշվածի վերաբերյալ մենք կապ հաստատեցինք նախ ՎՏԲ Հայաստան բանկի կենտրոնական գրասենյակի լրատվական ծառայության աշխատակից Նորա Վանյանի հետ, ով մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկի Արթիկի մասնաճյուղում հաճախորդների կողմից մինչ օրս չի գրանցվել որևէ բողոք նշված աշխատակցի գործունեության արդյունքում կրած ֆինանսական կորուստների վերաբերյալ»: Ըստ էության, լրատվական բաժինը չհերքեց, որ բանկում կեղծ գործարքներ, հնարավոր է, տեղի ունեցած լինեն: Նշենք` մեզ հասած հավաստի տեղեկություններով, բանկում անցկացվում է ներքին աուդիտ, որից հետո չի բացառվում, որ ղեկավարությունը կդիմի իրավապահ մարմիններին:

Խոսեցինք նաև բանկի կառավարիչ Սարիբեկ Բաղդասարյանի հետ: Վերջինս, բավական վրդովված, անընդհատ կրկնում էր, որ ինքն իրավունք չունի Կարեն Մեհրաբյանի վերաբերյալ հարցի պատասխանել, որևէ կոնտակտային տվյալներ տրամադրել` անկախ այն հանգամանքից, որ ինքը բանկի կառավարիչն է և Կ. Մեհրաբյանն էլ իր աշխատակիցն է: Հետևաբար, ցանկացած հարց կապված բանկի աշխատակիցների հետ` կապ ունի անմիջապես բանկի ղեկավարության և հենց բանկի համբավի հետ: Ս. Բաղդասարյանն անընդհատ հորդորում էր դիմել իրենց բանկի լրատվական ծառայությանը, քանի որ ինքը որևէ բան ասելու իրավունք չունի: Խնդրեցինք` գոնե կապվել իր աշխատակցի հետ և փոխանցել մեր հարցը, բայց բանկի կառավարիչը հարկ չհամարեց:

«Ես իրեն որևէ բան ասելու իրավունք չունեմ: Մենք կապ ենք հաստատում այն ժամանակ, երբ անհրաժեշտություն կա: Աշխատողի հետ կապված հարցերը ճիշտ կլինի նրա հետ պարզել: Ես իր հետ կապված որևէ բան չունեմ ասելու: Անձնական հարցերին ի՞նչ պատասխանեմ»,- ասաց նա:

Ճշգրտմանը, թե դա անձնական հարց չէ, այլ անմիջապես կապված է բանկի հետ, կառավարիչը պատասխանեց. «Այդ հարցերը` բանկի ավագ ղեկավարության հետ: Ես որևէ բան ասելու իրավունք չունեմ: Զանգե´ք կադրերի բաժին»: Բաղդասարյանն ավելացրեց, որ Մեհրաբյանի մայրն առողջական խնդիրներ ունի և այդ պատճառով այժմ Կարենն արձակուրդում է:

Ստացվում է այն, որ ամբողջ քաղաքում խոսում են իրենց բանկում տեղի ունեցած ինչ-որ կեղծիքների մասին, սակայն բանկի կառավարիչի համար դա պատճառ չէ իր աշխատակցի հետ կապ հաստատելու համար: Հարց է առաջանում` բանկի կառավարիչն ի՞նչ իրավունք ունի անելու կամ ասելու կապված իր աշխատակիցների հետ:

Ինչևէ, Armlur.am-ը օբյեկտիվությունը պահպանելու համար փորձեց նաև կապ հաստատել Կարեն Մեհրաբյանի կամ իր քրոջ` Զինա Մեհրաբյանի հետ` կատարվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումը լսելու համար: Վերջինս, լսելով մեր հարցը, միանգամից անջատեց հեռախոսը և այլևս զանգերին չպատասխանեց:

Վերջում հավելենք` Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ նման դեպքի վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս