Վերջերս մարդկային զոհերով ուղեկցված քրեական խմբավորումների զինված բախումները վերստին արձանագրեցին, որ հասարակությունն ախտահարված է քրեական աշխարհի բարքերով: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.
«Գողական կյանքի օրենքները տիրապետող են ոչ միայն հասարակության առանձին շերտերում ու խմբերում, այլև ընդգրկվում են ամբողջական բնակավայրեր, նույնիսկ` քաղաքներ: Հասարակական կարծիքը հաճախ ոչ միայն չի դատապարտում քրեական բարքերն ու դրանց իրական ու կեղծ կրողներին, այլև համակերպվում է վերջիններիս հետ, ընդունում հանցաշխարհի հեղինակություններին ու նրանց վարքագծի կանոնները:
Ահա թե ինչու տարեկան մոտ 50-60 հազար քրեական ակտիվ դեմոգրաֆիական տարիքի քաղաքացիների՝ հանրապետությունից արտագաղթի պայմաններում, հանցավորության վիճակում էական դրական տեղաշարժեր չեն արձանագրվում: Սպանությունների, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, կողոպուտի, ավազակության, ընդհանուր և հատուկ ռեցիդիվի տեսակարար կշիռը հանցավորության կառուցվածքում մնում են հարաբերականորեն բարձր և կայուն:
Գաղտնիք չէ, որ վարչական ու իրավապահ մեր մարմինները, վերից պարտադրված, ստիպված հանդուրժում են հանցավոր աշխարհի զուգահեռ և լեգալ գոյությունը: Հակառակ պարագայում ինչո՞վ բացատրել, որ Հայաստանն է դարձել միջազգային հանցավոր աշխարհի ներկայացուցիչների նախընտրելի հավաքատեղի:
Անհանգստացնող է հատկապես, երբ «գողական» աշխարհի օրենքները, երբեմն էլ դրանց կրողները թափանցում են պետական կառավարման մարմիններ: Պաշտոնատար «սուտի գողականների» այդ դասը այլասերում է ինչպես պետական ապարատը, այնպես էլ ձևախեղում գողական վարքագծի կանոնները:
Դատական պաշտպանության բացակայության, իրավապահ մարմինների աջակցության անհասանելիության պայմաններում մեր քաղաքացիները ավելի ու ավելի հաճախ են հայցում հանցավոր աշխարհի հեղինակությունների աջակցությանը՝ իրենց անձնական ու գույքային խնդիրների լուծման ակնկալիքով: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ երկրում գործում է արդարադատության ալտերնատիվ համակարգ:
Որոշ վերապահումով կարելի է պնդել, որ ոչ միայն ու ոչ այնքան իշխանություններն են քրեական աշխարհի հեղինակություններին օգտագործում իրենց քաղաքական վերարտադրման նպատակներով, որքան հանցավոր խմբավորումներն են պետական, իշխանական լծակները ծառայեցնում սեփական շահերին:
Պետության համար հասարակության ու իշխանության կրիմինալիզացիան կործանարար է: Պետք է վերջ տալ իրավապահ ու դատական համակարգերի քաղաքական նպատակներով գործադրմանը և նրանց նպատակաուղղել իրենց սահմանադրական խնդիրների լուծմանը»: