Երեկ Գյումրի այցելեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա գյումրեցիների հետ կարճատեւ հանդիպում ունեցավ Թատերական հրապարակում, ուր մինչեւ Ծառուկյանի ժամանումը հավաքվել էին համերգի եկած գյումրեցիները: ԲՀԿ Գյումրու ուժերը հոգացել էին, որ Ծառուկյանից 1 ժամ շուտ Երեւանից Գյումրի հասնեն նաեւ երգիչ-երգչուհիներ, պարող խմբեր: Երբ Ծառուկյանը ժամանեց Թատերական հրապարակ, նրան անմիջապես շրջապատեցին գումար պահանջող գյումրեցի կանայք եւ երեխաներ: Սակայն ԲՀԿ առաջնորդն այս անգամ շռայլություններ թույլ չտվեց: Եթե խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն գոռացողի ձայնի ուղղությամբ նա թեքվում եւ ձեռքը տանում էր գրպանը, ապա երեկ նույնիսկ չէր հորդորում իր թիկնազորին` չհրել եւ թույլ տալ, որ գումար պահանջող կամ նամակ փոխանցող կանայք մոտենան իրեն:
Ժողովրդի հետ կարճատեւ հանդիպման ժամանակ նա նշեց, որ դատարկաձեռն չի եկել Գյումրի՝ 10 աղբատար մեքենա եւ 10 ձյունամաքրիչ տրակտոր է բերել որպես նվեր: Ծառուկյանը խոստացավ նաեւ, որ Գյումրին վերականգնելու է, քանի որ «Լենինականը համով-հոտով քաղաք է»: Նաեւ նշեց, որ մի քանի օրից դարձյալ գալու է Գյումրի. «Մի 20-25 օրից հետո ես մի անակնկալ ունեմ, չեմ ասի, ա՛յ երբ որ եկա` կիմանաք, թե ինչ անակնկալ եմ անելու: Դուք գիտեք` իմ խոսքը գործ է, եւ մենք ինչ ասում, անում ենք»:
Երբ փորձեց հեռանալ, դարձյալ աստիճաններից վերեւ սկսեցին վազել գյումրեցի կանայք: Որպեսզի բազմությանը շրջանցի, Ծառուկյանն իր ուղեկցողներով մտավ Դրամատիկական թատրոնի շենք ու փորձեց հեռանալ թատրոնի մյուս` ներքին վարչական դռնով: Սակայն մարդիկ սկսեցին այս անգամ վազել դեպի թատրոնի մյուս կողմը շարժվող մեքենաների ուղղությամբ: Այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդին հաջողվեց իր եւ գյումրեցի ԲՀԿ-ականների ուղեկցող խմբերի օգնությամբ նստել մեքենա: Նա չցանկացավ նաեւ պատասխանել գյումրեցի լրագրողների հարցերին, նույնիսկ չարձագանքեց: Նշենք, որ մեքենաներն անգամ դժվարությամբ դուրս եկան մարդկանց հոծ բազմության միջից: Ամեն անգամ Ծառուկյանից գումար ստացած կանայք դժվարությամբ էին համակերպվում այն մտքի հետ, որ այս անգամ փող չէին ստացել: Նրանք անգամ թակում էին մեքենայի ապակիները, փորձում դիմապակուն հարվածել:
Երբ մեքենաները դժվարությամբ հեռացան, կանայք սկսեցին շրջապատել Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին: «Ասե՛ք ինձ՝ ինչ հարց ունեք… Ես կպատասխանեմ»,-ասաց Վարդեւան Գրիգորյանը: Իսկ կանայք ասացին, թե ոչ մի հարց էլ չունեն, իրենք Ծառուկյանի հետ հանդիպման են գալիս, որ փող ուզեն: Վերջում մեզ մոտեցավ մի կին` միջին տարիքի, որի բերանից արյուն էր գալիս: Նա հավաստում էր, որ իրեն թիկնապահներից մեկն է վնասել. «Հետ հրեց, կպա մյուս մաշնին, չգիտեմ` որի ախրաննիկն էր»:
Գյումրի